«ՌԴ-ն կանխատեսելի գործընկեր չէ» (տեսանյութ)
Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ից ստացել է ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը՝ մեծ քանակությամբ արկեր, հրթիռներ, ռազմական սարքավորումներ՝ կենդանի ուժի եւ այլ օբյեկտների ճշգրիտ, տարածական խոցման համար: «ՀՀ-ն իրավունք ունի պահանջելու ՌԴ-ից՝ դադարեցնելու այդ համագործակցությունը Ադրբեջանի հետ, քանի որ այստեղ մեզ պետք են ոչ թե հակակշռման մեխանիզմներ, այլ անվտանգության իրական երաշխիքներ: Հակակշռությունը, փորձը ցույց է տալիս, որ երաշխիք չէ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ադրբեջանին զենքի վաճառքը ՌԴ-ն միշտ պատճառաբանել է բիզնես շահերով, ինչպես նաեւ՝ պաշտոնական Մոսկվան հայտարարում է, թե այդպիսով փորձում են վերահսկողություն սահմանել Ադրբեջանի վրա, ազդել նրա քաղաքականության վրա: «Անցած տարվա ապրիլի փորձը, ինչու չէ՝ նաեւ ներկայիս զարգացումները սահմանին, ցույց են տալիս, որ որեւէ ազդեցություն միջազգային զսպման մեխանիզմը Ադրբեջանի վրա չկա ու նա հետեւողականորեն գնում է սահմանի վրա իրավիճակը լարելու ճանապարհով»,- նկատում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ռուսաստանը միջնորդ է հակամարտության կարգավորման հարցում, սակայն զենք վաճառելով՝ նա խախտում է այդ կայունությունը: «Գլխավոր շեշտը, որ հայկական կողմը պետք է դնի, դա այն է, որ վերջապես ցույց տանք ՌԴ-ին, որ ՀՀ-ն, որպես ռազմավարական դաշնակից երկիր, իրենց համար նույնքան կարեւոր է, որքան ՌԴ-ն ՀՀ համար՝ իրենց պետք է այս կայունությունը տարածաշրջանում եւ որպես տարանցիկ միջանցք՝ իրենց ռազմաքաղաքական շահը Մերձավոր Արեւելքում սպասարկելու, եւ զուտ արտաքին վտանգները չեզոքացնելու համար, քանի որ պատերազմը Արցախում, նշանակում է ընդհանուր ապակայունացած իրավիճակ տարածաշրջանում: 1990-ականներին դա բերել է ՌԴ ներսում պատերազմի՝ չեչենական, ինգուշական գործոնները եւ այլն»,- նշեց քաղաքագետը: Դիտարկումները, թե ռուս-ադրբեջանական հարաբերությունները սրվել են, քաղաքագետին վստահություն չեն ներշնչում՝ ՌԴ-ն ու Ադրբեջանն այնպիսի խնդիրներ չունեն, որոնք կարող են հանգեցնել տարաձայնությունների սրման. ի վերջո, ամեն ինչ հարթվում է զենքի մատակարարմամբ. «Ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության առումով երկու կարեւոր բան մենք մեզ համար պետք է ֆիքսենք՝ ՌԴ-ն միշտ չէ, որ հասկանում է, թե որն է իր շահը տարածաշրջանում եւ կարող է գնալ դրա դեմ, այսինքն՝ այս առումով կանխատեսելի գործընկեր չէ: Եվ 2-րդն այն է, որ պետք է պայքարենք այս դեպքում ոչ թե Ադրբեջանի ռազմական պոտենցիալի դեմ, այլ այստեղ մեծ դերակատարում ունի ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը»: Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ ՌԴ-ն Ադրբեջանով հետաքրքրված է նաեւ, քանի որ այլ երկրներ եւս ձգտում են տարածել իրենց ազդեցությունը այնտեղ. «Ուզողներն էլ քիչ չեն՝ Թուրքիա, Իրան, ԱՄՆ: Այսինքն, սա աշխարհաքաղաքական մրցակցություն է, պետք է իրատեսական լինել՝ այդ ամենը գնահատելով: Ուղղակի մեր դաշնակցությունը, մեղմ ասած, մի քիչ թանկ պետք է վաճառենք ՌԴ-ին, այդ պարագայում հնարավոր կլինի ակնկալել, որ նման կազուսային դեպքերը կնվազեն»: Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման նախօրեին հայտարարել է, որ Արցախում հայ զինծառայողի սպանությունը սադրանք է Բաքվի կողմից։ Հիշեցնենք, որ երեկ շփման գծում զոհվել է 20-ամյա զինծառայող Վազգեն Պողոսյանը։