Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նիստը վարում են Վլադիմիր Գասպարյանը, Բաղրամյան 26-ը և Դատական դեպարտամենտը»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
pavlik

«Սասնա ծռեր»-ի 14 անդամների գործով դատական նիստին Արայիկ Խանդոյանը և Գագիկ Եղիազարյանը չբերվեցին նիստերի դահլիճ։ Պաշտպան Արա Ղարագյոզյանը հարց բարձրացրեց, թե ուր են իր պաշտպանյալները և ապա դատավորին հիշեցրեց, որ հենց նրա նախագահությամբ նիստի ժամանակ հունիսի 28-ին Արայիկ Խանդոյանը և Գագիկ Եղիազարյանը խոշտանգումների են ենթարկվել, և մտավախություն հայտնեց, որ այն կարող է կրկնվել նաև այսօր։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ այս գործով նախաքննություն է ընթանում, ուստի ինքը որևէ բան անել չի կարող։ Այնուհետև դատավորը հետաքրքրվեց՝ արդյո՞ք պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ունեն։ Արա Ղարագյոզյանը նշեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի կառավարում նիստը, այլ՝ Վլադիմիր Գասպարյանը, Բաղրամյան 26-ը և Դատական դեպարտամենտը, ուստի այն վստահություն չի ներշնչում։ Պաշտպաններից Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ անձը, ով խոշտանգել է ամբաստանյալներին, առնվազն ունի կասկածյալի կարգավիճակ և իրավունք չունի շփում ունենալ տուժողի հետ. «Ղազարյանն այլևս իրավունք չունի դատարանի դահլիճում գտնվել, դա հղի է այլ վտանգներով»։ Հայտարարությամբ հանդես եկավ Պավլիկ Մանուկյանը. «Ղազարյան կլինի, Բոզոյան կլինի՝ միևնույն է, մեկ է լինելու։ Ես ափսոսում եմ, որ քո արդարադատության հիմնարկում նման բան է տեղի ունեցել, պահանջում եմ ընկերներիս բերել, որովհետեւ խոշտանգումներից հետո չեմ տեսել նրանց»։ «Մանուկյան, նստեք»,- ասաց դատավորը։  Իմ անունը Ապարանցի Պավլիկ է,- ուղղեց Պավլիկ Մանուկյանը։ Ապարանցի Պավլիկ, նստեք,- ճշտեց դատավորը։ Դատական նիստը 1 ժամով ընդմիջվել է։