«Որևէ միջազգային լուրջ կազմակերպություն Ադրբեջանի կուտը չընդունեց» (տեսանյութ)
ԼՂՀ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, եւ առանցքը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Արցախը ո'չ մի օր, ո'չ մի ժամ, ո'չ մի րոպե, ո'չ մի վայրկյան չի եղել անկախ Ադրբեջանի կազմում», - ասաց Շարմազանովը: Ըստ Շարմազանովի՝ Ադրբեջանն ահաբեկչական երկիր է: «Ապրիլյան պատերազմի օրերին խաղաղ բնակիչներին խոշտանգելը, զինվորներին գլխատելը խոսում է ահաբեկչության մասին: Իսկ սեփական ժողովրդի թիկունքում թաքնվելը և մանկահասակ երեխայի լուսանկարները տարածելը բումերանգի էֆեկտ ունեցավ։ Որևէ միջազգային լուրջ կազմակերպություն այդպես էլ Ադրբեջանի կուտը չընդունեց»: Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նույնիսկ ռուսական կողմի հետ հանդիպումների ժամանակ Հայաստանն իր կարծիքը մշտապես հայտնել է. «Իհարկե, մենք հիացած չենք այս փաստով: Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել: Զենք վաճառում են նրանց, որ նպատակ ունեն այն օգտագործել բացառապես ինքնապաշտպանական նպատակներով: Մյուս կողմից սա չպետք է խոչընդոտի հայ-ռուսական հարաբերություններին: Մենք Ռուսաստանի հետ մեր կապերը չպետք է պայմանավորենք ռուս-ադրբեջանական հարաբերություններով»: ԱԺ փոխխոսնակը խոսեց նաեւ Բրյուսելում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին. «Հայկական կողմը մատնացույց արեց, որ Ադրբեջանը չի կատարում Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, եւ մենք պետք է շարունակենք մեր կոշտ դիրքորոշումը»: Համանախագահները պետք է տարբերակ գտնեն, ինչու ոչ՝ նաեւ անհրաժեշտության դեպքում պրեսինգ կիրառեն եւ այնպես անեն, որ Ադրբեջանը կատարի պայմանավորվածությունները՝ հավելեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։