Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպական ՀԿ-ները՝ հանուն Արցախի. ստորագրահավաքը մեկնարկել է

Քաղաքականություն
arcax7

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը  կոչ է անում Եվրամիությանը և եվրոպական մարդասիրական կազմակերպություններին ներգրավվել Արցախի  ժողովրդի կյանքում։ Այս նպատակով նրանք սկսել են արշավ- ստորագրահավաք: Հունիսի 7- ին մեկնարկած ակցիան այս պահին ունի 2000 ստորագրություն: Ակցիային մասնակցել է 60 հասարակական-քաղաքական դեմք, այդ թվում՝ Եվրախորհրդարանի պատգամավորներ: Այս թիվը, սակայն, դեռ շատ քիչ է, կարծում է Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ընդհանուր համակարգող Շահնուր Մինասյանը: Ստորագրությունները վերջում կներկայացվեն եվրոպական տարբեր կազմակերպություններ՝ աջակցություն ստանալու նպատակով. «Արցախում այսօր Եվրոպայի ներգրավվածությունը համարյա հավասար է զրոյի: Մեր այս նախաձեռնության նպատակը եվրոպական ՀԿ-ների ներգրավումն է Արցախում, փոխգործակցությունն արցախյան ՀԿ-ների հետ: Ուզում ենք հասկանալ՝ ինչ կարող ենք անել՝ թեկուզ փոխայցելությունների և տեղեկատվության փոխանակման առումով: Ենթադրվում է նաև ֆինանսական աջակցություն, սակայն  նպատակն ամենեւին դա չէ»,- նշում է Շահնուր Մինասյանը: 19961140_1144310055675440_8664394662235954740_n Պարոն Մինասյանը հիշեցնում է, որ կան չճանաչված հանրապետություններին աջակցություն ցուցաբերող համապատասխան եվրոպական հիմնադրամներ, որոնք  օգնություն են ցուցաբերում Հյուսիսային Կիպրոսին, Աբխազիային, Մերձդնեստրին և այլ չճանաչված հանրապետությունների, մինչդեռ Արցախ նման կառույցներից զրո դրամ է մուտք գործում: Արցախում Եվրոպայի ներգրավվածությունը կարևոր է նախևառաջ քաղաքակրթական պատճառներով, և ամենևին արդար չէ, որ Եվրոպայի մաս կազմող Արցախը դուրս մնա եվրոպական ինստիտուտների ուշադրությունից. կարծում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա կարեւորում է հատկապես եվրոպական իրավապաշտպան հանրության ներգրավվածությունն Արցախում, ինչը կբարձրացնի ինչպես ներքին կյանքում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը, այնպես էլ դրական ազդեցություն կունենա խաղաղության պահպանման տեսանկյունից: Ստորագրահավաք-արշավի արդյունքները կամփոփվեն աշնանը, սակայն այն շարունակական բնույթ կկրի: Նախատեսվում է Ացախին օգնելու թեմայի շրջանակներում կոնֆերանս կազմակերպել Եվրախորհրդարանում: