Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արհեստականորեն ձգձգվում է Վ. Շիրխանյանի և մյուսների դատավարությունը. Հայկ Ալումյան

Քաղաքականություն
vahan-shirxanyan

2015 թ նոյեմբերին  Նորք- Մարաշում   վնասազերծված զինված խմբի գործով մեկնարկած դատավարությունը կրկին առանց միջադեպի չընթացավ։ Գործով ամբաստանյալ՝  պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանը միջնորդեց նրան վերադարձնել նիստերի դահլիճ:  Վահան Շիրխանյանը  3 ժամով հեռացվել է դահլիճից ոտքի չկանգնելու համար: Մինչդեռ նա ոտքի չի կանգնում առողջական խնդիրների պատճառով: «Արդեն երրորդ շաբաթն է՝ պարոն Շիրխանյանին դահլիճ չեն թողնում: Դատավորն ասաց հետեւյալը՝ դուք արհեստականորեն ձգձգում եք դատավարությունը: Այնինչ մենք տեսնում ենք, որ դատարանն է արհեստականորեն ձգձգում ժամկետները»,- ասաց պաշտպան Հայկ Ալումյանը:   Պաշտպանը դատարանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը իրավունք ունի կարծիք հայտնելու քննարկվող ցանկացած հարցի՝ այդ թվում դատախազին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:   Այնուհետեւ Հայկ Ալումյանը հայտարարեց, որ առանց իր պաշտպանյալի չի կարող մասնակցել դատական նիստին եւ լքեց դահլիճը: Դատավորը հայտարարեց, որ դա նրա իրավունքն է։ Այնուամենայնիվ, դատախազի միջնորդությամբ որոշեց սանկցիա կիրառել պաշտպանի նկատմամբ եւ դիմել Փաստաբանների պալատ: Դատավորը նաեւ որոշեց Վահան Շիրխանյանի համար հանրային պաշտպան  ներգրավել։ «Դատավորը հստակ գիտի, որ առանց Վահան Շիրխանյանի   չի կարող հանրային պաշտպան ներգրավել, դատավորը գիտի նաեւ,  որ նա անվճարունակ չէ, որպեսզի հանրային պաշտպանի ծառայություններից օգտվի:  Այս ամենը ներկայացում է, հանրային պաշտպանը գալու է, Վահան Շիրխանյանին բարձրացնելու են դահլիճ, որպեսզի ինքը համաձայնություն տա կամ չտա հանրային պաշտպան ներգրավելուն»,- ավելացրեց պաշտպան Հայկ Ալումյանը: Նախորդ տարվա նոյեմբեր ամսից մինչ օրս ամբաստանյալներից Էդուարդ Ներսիսյանի՝  Ապար անունով հայտնի ազտամարտիկի  պաշտպանը չի կարողանում  նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնել:  «Դատարանի մեղքով է, դատարանը ամեն դատական նիստի հենց սկզբից սկսում է պրոբլեմների  քննարկումը, երբ գործը բաղկացած է  20 ամբաստանյալից 39 հատորից եւ բացի Վահան Շիրխանյանից, կան նաեւ այլ ամբաստանյալներ: Էդուարդ Ներսիսյանը  2015 թ տարել է ինսուլտ եւ պահվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում: Ունի Հեպատիտ C,  առողջական լուրջ խնդիրներ, ատամնաշարը վնասված է, խնդիր ունի սնունդ ընդունելու հետ կապված»,- նշում է նրա պաշտպան Կարմեն Պողոսյանը :  Պաշտպանը կարծում է, որ Վահան Շիրխանյանի մասը պետք է առանձնացվի այս գործից: Իսկ գործով դատական նիստը կշարունակվի հուլիսի 21-ին։