Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոնց որ ասեն` կնոջդ մեկ օրով տուր ինձ». անդրադարձ՝ Վոլոդինի առաջարկին (տեսանյութ)

Քաղաքականություն
hay

Բաներ կան, որ սակարկության ենթակա չեն, դրանցից մեկը լեզուն է. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը` անդրադառնալով ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկին` վարորդական իրավունքի ճանաչման դիմաց Հայաստանում ռուսերենը դարձնել պաշտոնական լեզու. «Սա այլ բան չէ, քան ագրեսիա, բռնություն: Մի լեզու է մնացել, դա էլ խլեք։ Դա մի հարց է, որ քննարկման ենթակա չէ։ Ոնց որ ասեն` կնոջդ մեկ օրով տուր ինձ»: Քննարկման մասնակից լեզվաբան Նարինե Դիլբարյանն իր հերթին նկատեց` Ռ-ին մեղադրելը քաղաքական միամտություն կլինի մեր կողմից. «Միշտ զարմանում ենք` ինչու է ՌԴ-ն աննրբանկատ, սակայն նա իր կայսրությունը վերստեղծելու ճանապարհով է հետեւողականորեն գնում։ Մենք անհամարձակ արձագանքներ ենք տալիս։ Հասարակական հզոր հակազդեցություն պետք է ցույց տալ։ Այս թեմայով հարցումներ անցկացնելը վտանգավոր է, քանի որ մեր ինքնապաշտպանական բնազդը թուլացած է։ ՌԴ-ն իրեն դաշնակցի նման չի պահում. Ադրբեջանին զենք վաճառելը, նույն շղթայի մեջ է։ ՌԴ-ն միշտ զավթողական քաղաքականություն է վարում։ Պետք է սա հիշենք ու դադարենք նրանից պահանջել, թե ռազմավարական դաշնակիցներ ենք։ ՀՀ պետական լեզուն կարող է լինել միայն հայերենը։ Այսպիսի փորձագնդակներ են նետում մեր հասարակական-քաղաքական դաշտ` ստուգում մեր տրամադրությունները։ Այդպես են քանդվում անկախությունները։ Ինչ վերաբերում է հասարակական ընդվզմանը, ապա ԱԺ ընտրություններից հետո նկատում եմ, որ պաթոլոգիայի է հասել մեր հասարակության ինքնապաշտպանական ռեակցիան։ Մտավորականությունը պետք է ոտքի կանգնի»: Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի գնահատմամբ` այս ամենը մեր քաղաքականության տկարության մասին է խոսում. «Մեր պաշտոնյաները, որ գնում են բարձր ատյաններ, դառնում են կուռկուռի ձագ։ Ինչ է նշանակում մեր իշխանավորների հայտարարությունը, թե մեր օրակարգում նման հարց չկա։ Այս նախադասությունն ասելը նշանակում է` մի օր էլ կլինի։ Մայրենի լեզվին տիրապետել՝ նշանակում է տեր լինել պետականությանը։ Եթե դա չլինի, լեզուս չորանա, սակայն դա նշանակում է հայոց ազգին վերջ։ Ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մեր քաղհասարակությունը ոտքի կկանգնի, եթե հարցը մտնի օրակարգ»: