Թառլոյան եղբայրների հագուստներով մանեկենները կդիմավորեն հյուրերին
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ամփոփում է 2016-2017թթ. համերգաշրջանը. տարեսկզբից սկսած՝ համերգաշարը հագեցած էր հետաքրքիր նախագծերով: Հուլիսի 24-ին և 26-ին համերգաշրջանի եզրափակիչ համերգներն են։ Օպերային 5 հանրահայտ մեներգիչներ՝ բարիտոն Ջանպիերո Ռուջջերին (Իտալիա), սոպրանո Անի Յորենցը (Գերմանիա), բաս Վազգեն Գազարյանը (Գերմանիա), տենոր Լիպարիտ Ավետիսյանը և տենոր Դավիթ Բաբայանցը Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կկատարեն հայտնի արիաներ տարբեր օպերաներից հուլիսի 24-ին: Իսկ երկու օր անց՝ հուլիսի 26-ին՝ նշված մեներգիչներին կմիանան ևս մի քանիսը, այդ թվում սոպրանո Հասմիկ Թորոսյանը և տենոր Լիպարիտ Ավետիսյանը և մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կներկայացնեն Պուչինիի «Բոհեմ» օպերան՝ նոր բեմականացմամբ: Մեներգիչները կկրեն ֆրանսաբնակ մոդելավորողներ Վարդան և Գևորգ Թառլոյանների տրամադրած շքեղ հագուստները: Բեմականացման ռեժիսորն է Սուքիաս Թորոսյանը: Ներկայացումից առաջ նախասրահում կտիրի բոհեմյան մթնոլորտ. Թառլոյան եղբայրների հագուստներով մանեկենները կշրջեն տարածքում ու կդիմավորեն հյուրերին: