«Բոհեմ»-ը՝ ֆրանսիահայ Թառլոյանների հագուստով
Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում hուլիսի 26-ին ունկնդիրներին կդիմավորեն շքեղ հագուստներով մանեկեններն ու կհրավիրեն Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային ներկայացմանը։ Այսպիսով` կեզրափակվի Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանը: «Բոհեմի» պրեմիերան կայացավ դեռ անցյալ տարի, սակայն սա նոր բեմականացում է, և երգիչները կներկայանան ֆրանսաբնակ մոդելավորող Թառլոյան եղբայրների տրամադրած շքեղ հագուստով: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքով, քանի որ այստեղ են նման մենակատարներ, որոշեց առիթն օգտագործել ու նաև գալա համերգ ներկայացնել: Այսօր բարիտոն Ջանպիերո Ռուջջերին, սոպրանո Անի Յորենցը, բաս Վազգեն Գազարյանը, տենորներ Լիպարիտ Ավետիսյանն ու Դավիթ Բաբայանցը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կկատարեն արիաներ ու դուետներ օպերաներից: «Շատ գեղեցիկ և կարևորը, յուրահատուկ ծրագիր է: Արիաներ, տեսարաններ, որ ամեն օր չի կատարվում, - ասում է Թոփչյանը,- միասին ենք ընտրել»: Գերմանաբնակ սոպրանո Անի Յորենցի համար հայրենիքում ելույթ ունենալը միշտ մեծ ցանկություն է եղել, և սա նրա երկրորդ այցն է: «Շնորհակալ եմ Էդուարդ Թոփչյանին, որ դեռ անցյալ տարի հրավիրեց «Բոհեմին» մասնակցելու: Ուրախ եմ նաև, որ այս տարի, բացի «Բոհեմից» Գալա համերգին ևս պետք է մասնակցեմ: Փորձերը հիանալի անցան: Շատ ջերմ մթնոլորտ է ստեղծվել, քանի որ հիմնականում բոլորս նաև ընկերներ ենք, իրար հետ ենք սովորել, հետո յուրաքանչյուրն իր ճանապարհով է գնացել, տարբեր երկրների բեմերում ենք ելույթ ունենում, և նման հանդիպումներն անչափ հաճելի են»: Հաջորդ համերգաշրջանը ֆիլհարմոնիկը կբացի արդեն ավանդական դարձած երաժշտական միջազգային փառատոնով, որից հետո կմեկնեն հյուրախաղերի՝ Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Չինաստան: