Շաբաթօրյակ՝ ընտրությունների ռեժիմով
«Մաքուր Հայաստան» համապետական միջոցառման շրջանակներում այսօր հայտարարված է համապետական շաբաթօրյակ։ ՀՀ ՏԿԶ նախարարության պաշտոնական կայքում հատուկ բացված «Մաքուր Հայաստան» բաժնում պարբերաբար տեղեկատվություն է տրվում արդյունքների վերաբերյալ: Մարզպետարանների, տարբեր համայնքների պաշտոնական կայքերում եւս հրապարակվում է տեղեկատվություն՝ շաբաթօրյակի կազմակերպման հետ կապված: Համապետական շաբաթօրյակին մասնակցում են մարզերի և մայրաքաղաքի շուրջ 80 հազար քաղաքացի, նախատեսվում է փակել 50-ից ավելի աղբավայր: Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել են 1342 մեքենա մեխանիզմներ: Հիշեցնենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից արդեն փակվել են 1480-ը, փակման ենթակա են ևս 272 աղբանոց: «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328 , ժամը 9:00-ից մինչև 18:00-ն: