«Ղարաբաղում գենդերային հավասարությունը երբեք թեմա չի դառնա» (տեսանյութ)
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում Մարիամ Աստվածածնի եւ փոքրիկ Հիսուսի սրբապատկերը նոր խնդիրներ է առաջադրում մարդաբանությանը: Այս նկարում Մարիամի մարմինը շատ երկար է, նույնքան երկար է ձախ ձեռքը: «Մենք ենք մեր սարերը» քանդակը Լեռնային Ղարաբաղի ամենահայտնի ստեղծագործությունն է: Ավելի հայտնի է որպես «Դեդոյի եւ Բաբոյի» արձան: Այս կոթողում կնոջ բերանը փակ է՝ դա խորհրդանշում է խոնարհություն: Պատմության թանգարանի տնօրենն ասում է, որ Ղարաբաղում գենդերային հավասարությունը երբեք թեմա չի դառնա: Կինը տան մեջ տեր ու տնօրեն է մինչեւ տղամարդու տուն մտնելը. «Բայց որ ապան գալիս ա, ինքը բոլորին ասում ա՝ սուս, ապան եկել ա, վսյո, լռություն ա»: Փոխարենը Շուշիի պատկերասրահում կարելի է տեսնել բոլորովին մերկ կանանց պատկերներ: Այս սրահը մարդաշատությամբ աչքի չի ընկնում: Ֆիզուլիից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Տող գյուղը հակասական այս հողի մասին շատ բան է պատմում՝ այստեղ ապահովագրությունն իրականացնում են մի կիսաավերակի մեջ: Ավելի շատ բան չեն ասում այս դարպասները: Մինչդեռ նրանց ներսում է արտադրվում Ղարաբաղի հռչակավոր «Կատարո» գինին: Տնօրենն ասում է՝ որ Կատարոն նյարդայնության արդյունք է, խաղողը 65 դրամով էին մթերում, մենք էլ ջղայնացանք, սկսեցինք ինքներս սարքել: 65 դրամը սուտ գին է խաղողի համար: Տողում հիշատակի հավերժացման իրենց եղանակն ունեն՝ գյուղ մտնող ամեն մարդ պետք է իմանա, որ Վրեժը եւ Արմենչոն մահացել են ծաղկուն հասակում: Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի առեւտրային ցուցանակները ցույց են տալիս ղարաբաղցի առեւտրականի հավատարմությունը օտար լեզվին՝ ինքը պատրաստ է օտար բառը ներկայացնել հայերեն, բայց առանց թարգմանելու: Սակայն այս հավատարմությունը միայն ռուսերեն բառերին չի վերաբերում: Այս խանութի տերը հրաժարվել է թարգմանել «Առյուծները»: Արցախի ամենատեսարժան վայրը՝ Հունոտի կիրճի այս հատվածն այսօր էլ ռուսերեն հնչեղ անուն ունի՝ Զոնտիկներ: Լեզվական այս մեծահոգության փոքրիկ ակնարկ է այս տուփը, որը հիշեցնում է, որ Արցախում «Օսմանյան կոշիկ» ֆիրմայի կոշիկներ են վաճառվել: Դրանց տուփը այսօր էլ չի կորցրել իր նշանակությունը արցախցի առեւտրականի կյանքում: