Ցուցահանդես Ֆոկուսիմայի աղետից անմիջապես հետո (տեսանյութ)
Ճապոնիայի արևելյան մասում, Հոնսյու կղզու տարածքում գտնվող Տոհոկուն հայտնի է իր ձեռագործ արվեստով ու ժողովրդական վարպետներով: Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում բացվել է «Տոհոկուի գեղեցիկ ձեռնարվեստը» խորագրով Ճապոնական դեկորատիվ-կիրառական արվեստը ներկայացնող ցուցահանդես՝ նվիրված հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Խեցեգործության, ասեղնագործության, մետաղի և փայտի գեղարվեստական մշակման նմուշներ, լաքապատ առօրյա իրեր ավանդականի ու մոդեռնի համակցում: Բացմանը ներկա էր ՀՀ ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերզանցություն պարոն Էյջի Տագուչին: «Այսօր մեզ համար յուրահատուկ օր է և ուրախ եմ, որ իրականացնում ենք նման ցուցահանդես: «Տոհոկուի գեղեցիկ ձեռարվեստը» ճանապարհորդող ցուցահանդես է, որը հինգ տարվա ընթացքում անցկացվել է 19 երկրներում: Հայաստանը 20-րդ երկիրն է: Ցուցահանդեսը դեսպանի խոսքով՝ ստեղծվեց 2012-ին, Ֆոկուսիմայի սարսափելի աղետից անմիջապես հետո: Սա իր խորհուրդն ուներ: Շրջելով տարբեր երկրներով և ցուցադրելով իրենց ավանդական արվեստը, ճապոնացիները հիշեցնում էին ասես, որ աղետները գալիս և գնում են, իսկ իրենք դիմակայում ու առաջ են ընթանում: Դեսպանը խոսեց նաև հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացման մասին: IT ոլորտ , գյուղատնտեսություն, տուրիզմ, սրանք դեսպանի կարծիքով այն ոլորտներն են, որոնք առավել հետաքրքրություն են ներկայացնում իրենց համար: Իսկ զբոսաշրջության զարգացմանը հատկապես կնպաստի վիզաների ազատականացումը: Դեսպանը խոսեց նաև մոտակա մշակութային ծրագրերի մասին: Երևանում կանցկացնեն արևելյան մարտարվեստների փառատոն, ճապոնական ֆիլմերի փառատոն, նաև ճապոնական ազգային նվագարանների համերգներ: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 8-ը: Իսկ այս ցուցադրության ավարտից հետո, հոկտեմբերի 11-15-ը այս նույն կենտրոնում կանցնի հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդես: