«Ժառանգություն»-ը դատապարտում է Նարինե Ավետիսյանի հանդեպ կատարված բռնությունը
Սեպտեմբերի 28-ին, մասնագիտական պարտականությունները կատարելիս, ֆիզիկական բռնության է ենթարկվել «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը: Ասֆալտապատման աշխատանքները նկարահանելու պահին լրագրողի նկատմամբ բռնություն են գործադրել «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանը եւ նրա աշխատակիցները: Ֆիզիկական ուժի գործադրմամբ Ավետիսյանից խլել են հեռախոսը են նրան տապալել գետնին: «Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Հայաստանում լրագրողների նկատմամբ կատարվող ցանկացած բռնարարք, ինչը երկրում արմատավորված անպատժելիության մթնոլորտի արդյունք եւ հետեւանք է: Աչքի առաջ ունենալով անցյալում նմանօրինակ դեպքերն անպատիժ թողնելու, բռնությունը պարտակելու փաստերը, ՀՀ քննչական կոմիտեի Վանաձորի ստորաբաժանումից պահանջում ենք սկզբունքայնություն ցուցաբերել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում: «Ժառանգություն» կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Նարինե Ավետիսյանին: «Ժառանգություն» կուսակցություն 2 հոկտեմբերի, 2017թ., Երեւան