ԵԼՔ-ը Էթիկայի հանձնաժողով է դիմելու (տեսանյութ)
ԱԺ-ում, երբ քննարկվում էր սնդիկի մասին համաձայնագիրը եւ ամբիոնի մոտ էր հարակից զեկուցող, ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Արմեն Աշոտյանը, Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, որը թեմային չէր առնչվում. «Մեկ ժամ առաջ ԱԺ միջանցքում ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը խուլգանի նման բռունցքներով հարձակվել է ինձ վրա, եւ հետաքրքիրն այն է, որ հիմա նա մամուլի մոտ հերքում է դա: Մինչդեռ ունեմ վկաներ՝ լրագրողներ, անվտանգության աշխատակիցներ: Մենք պարզաբանում ենք պահանջում ՀՀԿ խմբակցությունից, թե ինչ կապ ունի Վահրամ Բաղդասարյանի՝ ոչ հեռավոր անցյալում արտահատած մտքի հետ, թե կարող է ինչ-որ բաներ տեղի ունենան: Մենք հետամուտ ենք լինելու մեր՝ այստեղ աշխատելու ոճի հետ կապված»: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր հերթին նշեց, որ իր մտահոգությունն է հայտնում ցավալի դեպքի հետ կապված. «Բոլորիս պարտքն է, որ լինեն պարզաբումներ, որ ԱԺ-ում պառլամենտարիզմին հատուկ գործընթացներ լինեն»: Արմեն Աշոտյանը նախ կոչ արեց կանոնակարգին հետամուտ լինել իրավական տեսնակյունից. «Ես չեմ բռնանում ձեր ազատ խոսքին, սակայն ես տեղյակ չեմ միջադեպից: Միջանձնային հարաբերությունները քաղաքական գործիքակազմով լուծելը հարիր չէ: Ժամանակ կլինի, այդ հարցին կանդրադառնանք: Եթե փորձենք քննարկվող թեմայի՝ սնդիկի հետ կապել, ապա քաղաքական միջավայրում էկոլոգիական խնդիրներ կան, որոնք պետք է լուծել»: Նիկոլ Փաշինյանին արձագանքելու հնարավորություն այլեւս չտրվեց: Փոխարենը հարցի համար հերթագրված Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը եւս անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի բարձրացրած խնդրին՝ ասելով. «Չե՞ք գտնում, որ կան իրավիճակներ, որը վտանգավոր է դառնում: Դեմքի մտահոգ արտահայտությամբ խոսում ենք թուրքական խորհրդարանում Կարո Փայլանի նկատմամբ բռնության մասին, ապա նաեւ պետք է մտածենք, որ չնմանվենք այդ իրավիճակին: Ես ակնկալում եմ ՀՀԿ-ից դատապարտող հայտարարություններ: Ազատ խոսքը կաշկանդելու միջոցներ չենք փնտրում այստեղ»: «Ես հասկանում եմ, որ իմ ճակատին գրված է բոլոր պատեհ-անպատեհ առինթներին պետք է քաղաքական առաջնագծում լինեմ, այդ թվում՝ սնդիկի մասին: Ես ասացի, որ տեղյակ չեմ: Իմ գործընկերներին եք կպնում, մեր կուսակցությանն եք կպնում: Մեր գնահատականները կլինեն այն ժամանակ, երբ իմանաք՝ ինչ է եղել: Դուք քաղաքական հայտարարություններ եք անում մի մարդու ներկայությամբ, որը տեղյակ չէ: Ես չեմ կասկածում ձեր խոսքերի վրա, սակայն Արտաշես Գեղամյանին չեմ տեսել. նրա հետ էլ պետք է խոսեմ»,- նկատեց Արմեն Աշոտյանը: Ելք խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արտակ Զեյնալյանն իր հերթին հայտարարեց, որ որոշման նախագիծ են ներկայացնելու՝ ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: «Ես դա էլ ուզում էի ասել: Իջեցնենք հռետորաբանության աստիճանը՝ գրադուսը: Միջադեպը արտառոց է բոլորիս համար ու բնորոշ չէ ԱԺ այս ձեւաչափին»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը: