Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատմական պահ Կատալոնիայում․ Պուչդեմոնը կհայտարարի՞ անկախության մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
katalonia

Այս պահին Իսպանիայում պատմական իրադարձություններ են զարգանում։ Ամբողջ Եվրոպան շունչը պահած սպասում է, թե Կատալոնիայի խորհրդարանում ինչ ելույթով է հանդես գալու ինքնավարության առաջնորդ Կառլես Պուչդեմոնը։ Սպասվում է, որ Երևանի ժամանակով 21:00-ին նա կատալոնացի պատգամավորների առաջ կհայտարարի անկախության հանրաքվի արդյունքները, ըստ որոնց, մասնակիցների 90%-ը կողմ է Իսպանիայից անջատվելուն և անկախ պետություն ձևավորելուն։ Դրան, ամենայն հավանականությամբ, կհետևի անկախանալու մասին հայտարարությունը։ Պուչդեմոնի խոսքը նախատեսված էր Երևանի ժամանակով 20։00-ին, սակայն նա արտակարգ խորհրդակցություն է անցկացնում, և մեկ ժամով հետաձգվել է։ «Բլումբերգ» գործակալության ունեցած տեղեկություններով՝ եթե Պուչդեմոնը հայտարարի Իսպանիայից անկախանալու մասին, ապա իսպանացի ոստիկանները նրան կձերբակալեն։ Սակայն դա նրանց հեշտ չի լինի անել, քանի որ հակառակ կողմում կանգնած են կատալոնացի ոստիկանները, որոնք չեն ենթարկվում իսպանական կենտրոնական իշխանությանը։ Կատալոնիայի խորհրդարանին հարակից հրապարակներում բազմահազար ցույցեր են ընթանում՝ ի աջակցություն անկախության։ Մադրիդը կատալոնական հանրաքվեն համարում է անօրինական և Սահմանադրությանը հակասող։ Իրավիճակը չլարելու կոչով կատալոնացիներին դիմել է Եվրամիությունը․ «Չդիմել այնպիսի քայլերի, որոնք անհնարին կդարձնեն Իսպանիայի հետ երկխոսությունը»,- ասված է հայտարարության տեքստում։ Եվրոպացիները մտահոգություն ունեն, որ Կատալոնիայի անկախությունը ձնագնդիի էֆեկտ կարող է ունենալ, և այդ ճանապարհով կարող են գնալ Եվրոպայի տարբեր տարածքներում բնակվող էթնիկ միավորներ՝ բասկերը, շոտլանդացիները, ֆլամանդացիները և այլոք։