80-ականներից կիրառվող գենետիկական հետազոտությունները հասել են Հայաստան (տեսանյութ)
Գենետիկական հետազոտությունների ու դատագենետիկական փորձաքննությունների բնագավառը զարգացնելու եւ մասնագետների հետ փորձի փոխանակում իրականացնելու համար Հայաստանում են գենետիկայի ճապոնացի մասնագետները: 3 օր հայ եւ ճապոնացի մասնագետները կքննարկեն ԴՆԹ սեքվենավորման տեխնոլոգիաները եւ դրանց կիրառումը գործնականում: «ԴՆԹ-ի սեքվենավորման մեջ առաջընթացը հիմնովին փոխեց մեր մոտեցումները ու պատկերացումները բժշկության եւ դատափորձագիտական աշխատանքների մասին: Հիմա աշխատանքը լիարժեք կատարելու համար անհրաժեշտ են գերհզոր սարքավորումներ: Այս ամենն ունենալով մենք կկարողանաք զարգացնել ոլորտը»,- ասում է Տոկիոյի համալսարանի բժշկագիտության ամբիոնի գենետիկայի բաժնի վարիչ Միյանո Սատոռուն: ԴՆԹ սեքվենավորումը մարդու գենոմի հաջորդականությունների բացահայտում է, այն ցույց է տալիս մուտացիաներն ու գենետիկական սխալները, որոնք կարող են առաջացնել գենետիկական տասնյակ հազարավոր հիվանդություններ: Այս ոլորտում հայ մասնագետները փորձ ունեն, անհրաժեշտ է միայն տեխնիկական հնարավորությունների ընդլայնում: «Ոլորտը նոր զարգացող է Հայաստանում, մենք չունենք այն բոլոր հնարավորությունները, ինչ որ ունեն արտասահմանում, ոլորտն այնտեղ սկսել է զարգանալ դեռեւս 80- ական թվականներին, մեզ մոտ դա դեռ նոր է: Մենք ունենք մի քանի սարք, որոնք հնարավորություն են տալիս կարդալ ԴՆԹ հաջորդականությունը, բայց այստեղ կարեւոր է ոչ միայն այդ հաջորդականությունը կարդալը, այլեւ ստացված արդյունքների մեկնաբանությունը»,- ասում է Փորձաքննությունների ազգային բյուրոյի ԴՆԹ նույնացման բաժանմունքի պետ Աննա Հովհաննիսյանը: Փորձաքննության ազգային բյուրոն տարեկան իրականացնում է նաեւ 12,000-ից ավելի դատական փորձաքննություն: Ճապոնացի մասնագետների հետ աշխատանքի արդյունքում նրանք հույս ունեն, որ կզարգացնեն նաեւ դատագենետիկական փորձաքննության ոլորտը: