Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մադրիդը Բարսելոնային վերջնագիր է ներկայացնում

Քաղաքականություն
raxoy

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կատալոնացիներից պահանջում է բացատրություններ տալ անկախացման գործընթացի մասին։ Հակառակ դեպքում Մադրիդը պատրաստ է դիմել Սահմանադրությունից բխող այլ միջոցների։ Այս մասին Իսպանիայի վարչապետը հայտարարել է Կառավարության նիստից հետո։ Նրա խոսքով՝ նախարարների խորհուրդը որոշել է պաշտոնական հարցում ուղարկել Բարսելոնային, որից հետո դիմել Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածից բխող միջոցների։ «Կատալոնիայի կառավարության պատասխանը վճռելու է հետագա օրերին տեղի ունենալիք իրադարձությունները»,- ասել է Ռախոյը՝ ավելացնելով, որ մտադիր են գործել զգուշավոր և պատասխանատու։ Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանի պատգամավորներն ընդունել էին հանրապետության անկախության մասին հռչակագիր, որում մասնավորապես ասված է. «Մենք ստեղծում ենք Կատալոնիայի Հանրապետությունը որպես անկախ և ինքնիշխան պետություն»։ Փաստաթուղթն ստորագրել է նաև ինքնավարության առաջնորդ Կառլես Պուչդեմոնը՝ այն որակելով որպես մտադրությունների մասին հռչակագիր։ Այնուամենայնիվ, Բարսելոնայում հակված են Մադրիդի հետ բանակցությունների. «Հիմա Ռախոյի կողմից քայլ կատարելու ժամանակն է»,- ասել է Կատալոնիայի Կառավարության ներկայացուցիչը։ Իսպանիայի կենտրոնական իշխանության հետ բանակցելու համար կատալոնացիները հայտարարել են երկշաբաթյա ժամկետ։