Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեռական բռնության դեպքեր՝ նաև ամուսնական անկողնում (տեսանյութ)

Հասարակություն
brnutyun

Հայաստանում նկատվում է երեխաների հանդեպ սեռական հանցագործությունների աճ: Նույն աճը, ըստ Հայաստանի քննչական կոմիտեի, նկատվում է ընդհանրապես սեռական բռնությունների մասով։ ՀՀ ՔԿ ավագ քննիչ Դավիթ Թումասյանն ասում է՝ «Ունենք իրավիճակներ, երբ որ սեռական հանցագործություններն իրականացվում են հոգեկան խանգարում ունեցող անձանց կողմից»: Քննչական կոմիտեում քննվել են գործեր, երբ սեռական բռնության զոհերը 4 եւ 5 տարեկան երեխաներ են: Կոմիտեի ներկայացուցիչը նկատում է, որ սեռական բռնություն իրականացնողները հաճախ ոչ թե քրեական հանցագործներ են, այլ զոհին հայտնի մարդ. «Մենք ունենք նաեւ համացանցի միջոցով իրականացված սեռական հանցագործություններ, խոսքը գնում է անառակաբարո գործողությունների մասին, երբ որ տուժող երեխան նշում է, որ ինքը ճանաչում է այդ անձին, բայց ճանաչում է համացանցով»: Այս մարդը սեռական բռնության զոհերին կոչ է անում անմիջապես դիմել ոստիկանություն, որպեսզի ապացուցողական բազայի թարմությունը չկորչի: «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հ/կ ղեկավար  Տաթեւիկ Աղաբեկյանը կոնկրետ օրինակ ունի, երբ նման բռնության ենթարկված 6 տարեկան երեխայի դեպքում ձեռք են բերել ապացուցողական բազա. «Բավականին տրավմատիկ վիճակում երբ որ երեխային դեպքի կատարումից հետո փորձել են հասկանալ, թե ինչ է եղել, մի կերպ բացատրել է, դե իհարկե ուղղորդել են դատաբժշկական, ու մաման վերցրել է երեխային տարել է դատաբժշկական: Շատ հետաքրքիր է պարոն Թումասյան, բայց քննչականում ասել էին՝ մի որոշ ժամանակ սպասեք, որ հոգեբանի հետ երեխան զրուցի, բայց դատաբժշկականում փորձաքննության ժամանակ երկու հաղթանդամ տղամարդ մոտեցել են երեխային, բարձրացրել էին համապատասխան աթոռի վրա, որպեսզի սկսեին անալիզների համար բաներ վերցնել իրենից»: Քննչական գործողությունը մեր երկրում լուրջ հարցեր է առաջացնում զոհերի մոտ: Քթի կոտրվածքով հիվանդանոց ներկայացած հղի կնոջ հետ քննչական գործողություն չի կատարվել, իսկ ինքը սեռական բռնության զոհ  էր: Մեկ այլ կնոջ հետ քննչական կոմիտեն վարվել է զվարճալի. «Կինը օրինակ նշում է, որ ինքը կույս չի արդեն 10 տարի է ենթադրենք, բայց ուղարկվում է դատաբժշկական էքսպերտիզայի եւ կուսաթաղանթի ամբողջականության վերաբերյալ ինչ-որ պատասխան եզրակացություն է գալիս»: Տաթեւիկ Աղաբեկյանը Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ղեկավարն է, ասում է, որ Հայաստանի համար գուցե տարօրինակ հնչի, բայց սեռական բռնության դեպքեր են լինում նույնիսկ ամուսնական անկողնում, սա էլ պետք է երբեւէ դառնա թեմա. «Հայաստանում  դժվար իհարկե առաջընթաց ունենանք այս ոլորտում»: Փորձագետն ասում է, որ սեռական բռնությունը կամավոր հարաբերություններից տարբերելու համար օրենսդրության մեջ պետք է սահմանվի «համաձայնություն» տերմինը, որովհետեւ միշտ չէ, որ բռնությանը չդիմադրողը համաձայն է տեղի ունեցողի հետ. «Անպայման չի, որ սեռական բռնության իրավիճակում ինչ-որ մեկը դիմադրի կամ ինչ-որ գործողություններ ձեռնարկի կամ ինքը գտնվի անօգնական վիճակում, որպեսզի իր անհամաձայնությունը դրսեւորվի»: Ի դեպ, ըստ տիկին Աղաբեկյանի, մեթոդ պետք է փոխվի սեռական բռնության զոհի հետ աշխատելիս, եւ քննչականը պետք է այնպես անի, որ զոհը շահագրգռվի հանցագործության բացահայտմանը: