Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բնականաբար, շատ վատ եմ գնահատում տեղի ունեցածը. ԱԺ նախագահը՝ նիստերի դահլիճում միջադեպի մասին (տեսանյութ)

Եթե ես կողմնապահություն անեի, վստահեցնում եմ, ընդդիմության հետ այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր: Ես կողմնապահություն չեմ արել, և դրա համար այդ միջադեպը չի ստացել այն շարունակությունը, որ կարող էր ստանալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին:

«Ընդհանուր առմամբ, բնականաբար, ես շատ վատ եմ գնահատում տեղի ունեցածը, բայց պետք է ասեմ, որ, ցավոք, տեղի ունեցածը արդյունք էր այն բանի, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ նպատակաուղղված անընդհատ սադրում էին իրավիճակը, և նրանք հիմնականում «Ուժեղ Հայաստան»-ի հանրապետական թևը ներկայացնող պատգամավորներն են, որոնք աչքի են ընկնում բարոյականության բավականին ցածր մակարդակով, և դա արտահայտվում է նիստերի դահլիճում:

Չեմ կարող ասել՝ դա նպատակաուղղված է արվում, այսինքն՝ ամբողջ խմբակցության կողմից, թե խմբակցությունը բավարար թույլ է, որպեսզի դա տեղի ունենա, բայց ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք»,- ասաց ԱԺ նախագահը:

Ինչ վերաբերում է ընդդիմության հայտարարություններին, թե դրանով շեղվում է ուշադրությունը կարևոր՝ օրակարգային հարցերից, Ռուբինյանը խորհուրդ տվեց նիստի սկիզբը դիտել և տեսնել, թե այդ ինչ կարևոր, օրակարգային հարցերից էին խոսում ընդդիմադիրները: