«Սասնա ծռեր» խմբի անդամը զրկված է ստեղծագործելու հնարավորությունից (տեսանյութ)
«Ստեղծագործող մարդը պետք է ստեղծագործի եւ այդ զբաղվածությունը օրենսգրքով նախատեսվում է, իսկ կանոնակարգն անգամ արգելում է երաժշտական գործիք ունենալ: Ինչպե՞ս անձը ստեղծագործի, երբ չի կարող երաժշտական գործիք ունենալ կամ նկարիչը չի կարող մատիտներ եւ գունավոր գրիչներ ունենալ»,- այսօր հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ, նկարիչ Աշոտ Պետրոսյանի նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը: Աշոտ Պետրոսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում զրկված է ստեղծագործելու հնարավորությունից։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ այդպիսի խնդիր չի առաջացել, մինչդեռ ըստ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներքին կանոնակարգի՝ չի թույլատրվում անազատության մեջ գտնվող անձանց բերել գունավոր գրիչներ եւ թուղթ։ Միայն կապույտ գույնի գրիչ եւ տետր է թույլատրվում. «Եթե անձը կարող է ունենալ կապույտ գրիչ, կարող է ունենալ նաեւ կարմիր գրիչ, եթե անձը կարող է ունենալ տետր, անձը կարող է ունենալ նաեւ թուղթ, գունավոր թղթեր»: Աշոտ Պետրոսյանի պաշտպանը համոզված է՝ այս սահմանափակումը կապված է օրենքի չիմացության եւ դիտավորության հետ. «Աշոտ Պետրոսյանը հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար, նա Սասնա ծռեր ապստամբ խմբի անդամներից մեկն է: Իշխանությունների կողմից կա հիշաչարություն: Յուրաքանչյուր ստեղծագործող ոք ինչպիսի հետապնդման էլ որ ենթարկվի, նրա մտքի թռիչքը, աշխատանքը չեն կարող սահմանափակվել»։ https://youtu.be/FIjMaz9v99Y Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի խոսքով՝ մենք ապրում ենք անարդար պետությունում, եւ սա մի փոքր դետալ է այդ անարդարությունից. «Ամբողջ երկիրն է վերածված ՔԿՀ-ի»: Իսկ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանն էլ համոզված է՝ նույնիսկ բարձրացված խնդրից հետո ոչինչ չի փոխվելու. «Խոսում, խոսում ենք, ու ոչ մի բան տեղից չի շարժվում, չի էլ շարժվելու»։ Ի տարբերություն գեղանկարչի՝ փաստաբան Արայիկ Պապիկյանը կարծում է, որ հարցը դրական լուծում կստանա: Նա դիմել է ՄԻՊ-ին, որպեսզի համապատասխան ընթացակարգով հարցը բարձրացվի կառավարությունում: