ՀՀ-Իրան երկաթուղի կունենա՞նք. Արամ Սարգսյանի հարցերը
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի այսօրվա քննարկմանը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հարց ուղղեց Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ նշելով, որ իր հարցը ստրատեգիական նշանակություն ունեցող խնդրի է վերաբերում. «Այն վերաբերում է Հայկական երկաթուղիներին, կուզենայի իմանալ՝ հնգամյա ծրագրում նախատեսվա՞ծ է արդյոք ՀՀ-Իրան երկաթուղին, թե ոչ եւ, ընդհանրապես, ի՞նչ է արվում ոլորտն արդիականացնելու համար»: Նախարարը նշեց՝ ասելով. «Այսօր ՀՀ-ն պայմանագիր ունի ստորագրած մի ընկերության հետ, որը պարտավորություն է ստանձնել ներդրումային ծրագիր ներկայացնելու՝ ՀՀ-Իրան երկաթգիծը կառուցելու համար: Քննարկումները այդ ընկերության հետ շարունակվում են, արդյունքների մասին տեղյակ կպահենք: Ինչ վերաբերում է «Հարավկովկասյան երկաթուղիներին», ապա նրանք իրենց ներդրումային ծրագրերը 103 տոկոսով կատարում են, այդ ծրագրերը խիստ հսկողության տակ են՝ ցանկացած նոր ներդրումային ծրագիր, մինչեւ իրենք չեն ներկայացնում, մենք չենք հաստատում»: Արամ Սարգսյանի մյուս հարցն ուղղված էր ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին. «Ի՞նչ է արվում օրենսդրության ու վարչարարության առումով քաղաքաշինությանը տրվող սուղ հատկացումները ավելի թափանցիկ տենդերներով անցկացնելու համար, քանի որ ժողովրդական բանահյուսության ամենալայն դաշտից է այդ տենդերներին մասնակցելն ու շահելը»: Ի պատասխան Նարեկ Սարգսյանն ասաց. «Կարծում եմ՝ չեք կասկածում, որ այդ հարցում ես եղել եմ շատ շահագրգիռ, եւ առաջին հերթին դրանք չպետք է կենտրոնացվեն Քաղաքաշինության կոմիտեում, եւ այն ծրագրերը, որոնք պետք է մենք անենք, ամբողջությամբ դրված են էլեկտրոնային հարթակում՝ բոլորը տեսնում են գները, ընդհուպ մինչեւ տեսնում են, թե ով ինչ փաստաթուղթ է ներկայացրել: Հիմա մենք մշակում ենք մի նոր համակարգ. ես համամիտ չեմ, որ միայն ցածր գինը պետք է լինի ընտրության չափանիշ: Գաղափարը հետեւյալն է՝ առաջին փուլը լինի գնայինը, ոչ թե ամենացածր գինը, երբ տեսնում ես, որ այդ գնով հնարավոր չէ կառուցել: Ինձ թվում է՝ սա ռացիոնալ լուծում է»: