«Իգլայի» գործով ամբաստանյալին ԱԱԾ-ում սպառնացել են. դատաքննությունն ավարտվեց (տեսանյութ)
«Իգլայի» հայտնի գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն այսօր դատարանում հայտարարեց՝ նախաքննության ընթացքում ԱԱԾ-ում իրեն սպառնացել են: «Էջմիածնում սպանություն է կատարվել 2009 թ, ինչ -որ Ջիվան Գասպարյան, ես որ գտնվել եմ Սիբիրում, նույն ԿԳԲ-ն ասում է՝ նայի, եթե Սամվել Բաբայանի հետ գործ չունես, սպանությունն էլ է քոնը, կվերցնես»,- ասաց Սանասար Գաբրիելյանը։ ԱԱԾ-ում ճնշումների մասին էր մի քանի նիստ առաջ հայտարարել նաեւ գործով վկա Աշոտ Շուշանյանը։ Այսօր Սանասար Գաբրիելյանը չկարողացավ չմիջամտել, երբ դատախազը հայտարարեց, որ վկային չէր կարող քննիչը ճնշել, քանի որ նրան ԱԱԾ-ում երկար չեն պահել։ «ԱԱԾ-ի անունը տուր, Աշոտը կանգնած այստեղ դողում է, չգիտենք՝ ԱԱԾ-ն ինչով է զբաղված: Աշոտին 10 րոպե էլ պահեին, ինչ ուղղորդեին, նա էլ պետք է աներ»,- ավելացրեց ամբաստանյալը: Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Սամվել Բաբայանի եւ գործով անցնող վեց ամբաստանյալների մասով դատաքննությունը: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր, փոխադրել եւ պահել, ինչպես նաեւ ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Փաստաբան Ավետիս Քալաշյանը համարում է, որ մեղադրանքը չի ապացուցվում. «Որը ի սկզբանե մենք հայտարարել ենք»: Սամվել Բաբայանը նախորդ նիստերից մեկում հայտարարել էր, որ այդ զենքը ամենայն հավանականությամբ ինչ- որ մեկի ավտոտնակում է եղել եւ ապացուցելու է, թե դա ումն է: Պաշտպանի խոսքերով՝ դա գործի նյութերից էլ է երեւում. «Որ ոչ մի տեղից էլ դա չի բերվել, հակառակ դեպքում զենքի մաքսանենգության դրվագը դեռեւս նախաքննության ընթացքում չէր կարճվի»,- ավելացրեց Ավետիս Քալաշյանը: Արդյո՞ք Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի, ինչպես հայտարարում են որոշ գործիչներ։ Պաշտպանը գնահատական չի տալիս. «Այդ հարցի պատասխանները քաղաքական մեկնաբանները երեւի ավելի լավ կտան»: Նոյեմբերի 13-ին մեղադրողն արդեն հանդես կգա ճառով: