«Ինչո՞ւ Ռոբերտ Աբաջյանը մնաց առանց փամփուշտի եւ իրեն պայթեցրեց». դասադուլի 5-րդ օրը (տեսանյութ)
12.35 Բուհից բուհ անցնելիս ուսանողներն անդրադարձան վերջերս մի լուսանկարի քննարկումներին։ Լուսանկարում ապրիլյան պատերազմի զոհերից Ռոբերտ Աբաջյանի ֆոնին դասադուլավոր ուսանողներն են։ «Ֆեյսբուքյան կեղծ հայրենասերները, որ ասում են, թե Ռոբերտ Աբաջյանը զոհվել է, իսկ իրենց խոսքերով՝ որոշ դասալիքներ պահանջում են տարկետում, իրենք արդյոք հայտնե՞լ են մտավախություն, թե ինչո՞ւ Ռոբերտ Աբաջյանը մնաց առանց փամփուշտի եւ իրեն պայթեցրեց: Մեկը ասա՞ց՝ ինչու է նա մնացել առանց փամփուշտի, թե՞ իրենց ձեռնտու բաներն են շահարկում»: 11. 35 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան մուտքն արգելվեց թե տեղի ուսանողների մի մասի, թե անվտանգության աշխատակիցների կողմից։ Բուհի տարածք մուտքն արգելվեց նաև լրագրողներին։ Անվտանգության աշխատակիցներից մեկն ասաց, որ հրահանգ ունի ղեկավարությունից։ https://youtu.be/A5go24duFPg 10.45 Արդեն 5-րդ օրն է՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի դեմ ուսանողների բողոքի ակցիաները շարունակվում են։ Ուսանողները պայքարում են՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման, ինչը նախատեսված է նոր օրենքի նախագծով։ Նրանք պահանջում են, որպեսզի տարկետման իրավունքը կիրառվի հին կարգով։ Իսկ ըստ այս օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի: Այսօր ուսանողները ԵՊՀ-ից երթով կանցնեն մյուս բուհերով։ Այս շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյայում երկրորդ ընթերցմամբ քվեարկության կդրվի վիճահարույց օրինագիծը։ Հիշեցնենք, ուրբաթ ուշ երեկոյան ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել սույն օրինագծին։