«Բոլտուգայկայի գինը իջել է, իսկ առաջնային ապրանքատեսակները թանկացել են» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր ելույթում հայտարարեց, որ չի կիսում այն տեսակետները, թե բյուջեն հավասակշռված է. «Բյուջեն իրականությունից կտրված փաստաթուղթ չպետք է լինի: Բյուջեն կրճատել է սոցիալական ծախսերը, մինչդեռ ՀՀ-ն սոցիալական պետություն է ըստ Սահմանադրության: Այսօր բյուջեն ձեռնպահ է մնացել նման միջամտությունից: Այս բյուջեն ոչինչ չի խոստանում, եւ այն չի կարող բուժել մեզ տանջող ցավերը»: «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանը, բերեց 5 պատճառ, թե ինչու պետք է դեմ քվեարկել այս բյուջեին. «Նախատեսված չէ նպաստների, թոշակների, նվազագույն աշխատավարձերի բարձրացում՝ հաշվի առնելով գնաճը: Պատճառ 2-րդ՝ խայտառակ գնաճ, որը որեւէ կերպ չի զսպվում, որը տանում է եռակի աղքատացման. եթե հայտարարում են, թե հասարակության համար 15-րդական ապրանքների, ասենք՝ բոլտուգայկայի գինը իջել է, իսկ առաջնային ապրանքատեսակները թանկացել են, սա ոչ մի բան չի տալիս մարդկանց: Պատճառ 3-րդ՝ 5 560 աշխատատեղի կրճատում. վարչապետը խոսում է ինչ-որ վիրտուալ աշխատատեղեր են բացվելու: Պատճառ 4-րդ՝ կրթության, գիտության, առողջապահության ծախսերը կրճատվում են՝ գեղեցիկ նախադասություններ, արդյունքը՝ զրո: Պատճառ 5-րդ՝ դեմոգրաֆիկ ծայրահեղ պատկեր՝ Անտառաշեն, Դպրավանք, Շրվենանց ու տասնյակ այլ գյուղերում չկա առաջին դասարան, լավագույն դեպքում դասարանում մեկ աշակերտ է: Սա խայտառակ արտագաղթի հետեւանք է»: