Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջուդայի մեթոդով թարգմանության բացառիկ փորձ՝ Հայաստանում (տեսանյութ)

Մշակույթ
mher-girq

Հայաստանում առաջին անգամ կիրառվել է Ջուդայի մեթոդով գեղարվեստական ստեղծագործության թարգմանության փորձ: Խոսքը թուրք գրող Բուրգյուլ Օղուզի «Հահ» վեպի մասին է, որը Հայաստանում թարգմանել է միանգամից 7 հոգի: Թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանն այս առնչությամբ նշում է. «Աշխատել ենք էսպես՝ գիրքը բաժանվել է 7 թարգմանչի միջեւ, յուրաքանչյուրին ինչ-ինչ հատված է ընկել, աշխատել ենք թարգմանված կտորների վրա»: Զավեն Բոյաջյանն ասում է, որ թարգմանական այս մեթոդն ընդունված է ամբողջ աշխարհում: Գիրքը պատմում է հերոսի հոր մահվան առաջին օրերին հաջորդող ապրումների մասին: Տեքստում չափազանց շատ են հղումները համաշխարհային եւ թուրքական մշակույթին: Գրող Առաքել Սեմիրջյանը գրքի առաջին ընթերցողներից է: Ըստ նրա, գիրքը եւս մեկ փորձ է՝ կոտրելու Թուրքիայի միֆական կերպարը Հայաստանում. «Միֆերն այնքան են կերել էս երկիրը, որ մենք թուրքին պատկերացնում ենք յաթաղանով»: Ըստ Առաքել Սեմիրջյանի, լավ կլիներ, որ որեւէ հայ հեղինակի նույն մեթոդով թարգմանեին Թուրքիայում: Թուրքերը հայերի հանդեպ բարդույթներ չունեն. «Եթե այցելեք Թուրքիա, կտեսնեք ամենահետաքրքիր բանը, որ երբեւէ որեւէ մեկը չի կասկածում, որ դուք թուրք չեք, այսինքն, նույն արտաքնապես որեւէ մեկը չի տարբերում մեզ»: Գրքի հրատարակիչ, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար մշակույթը լավագույն կամուրջն է, երկու ժողովուրդներն էլ միմյանց պատմելու շատ բան ունեն. «Քանի դեռ մեր ղեկավարները չեն կարողանում էս պատուհանը դուռ սարքեն, եկեք մենք անենք, օգնենք Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարությանը, որպեսզի էդ սահմանները բացեն»: Դեկտեմբերի 16-ին թուրք գրող Բուրգյուլ Օղուզը Երեւանում անձամբ ներկա կգտնվի իր գրքի շնորհանդես-քննարկմանը: