Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՓԱՆԵՑ ՌԵԺԻՍՈՐԻ ՊԼԱՆՆԵՐԸ

Մշակույթ

Այսօր «Նարեկացի արվեստի միությունում» ցուցադրվեցին ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանի Ֆրանսիայում նկարահանած ֆիլմերը՝ «Եղիցի» եւ «Ներքեւում»: Չնայած որ մուտքն ազատ էր, ցուցադրությանը ներկա էր ընդամենը երկու տասնյակին հասնող մարդ: Հանդիսատեսների սակավությունը խափանեց ռեժիսորի պլանները, քանի որ նա պլանավորել էր ֆիլմերի ցուցադրությունից հետո քննարկում կազմակերպել: Նա պատրաստվում էր հետաձգել ֆիլմերի ցուցադրությունը, բայց հավաքվածների խնդրանքով չարեց դա՝ հետաձգելով միայն քննարկումը:

Ռեժիսորը հանդիսատեսի սակավությունը բացատրեց այսպես. «Մարդիկ կարծել են, որ վարչապետի թաղման պատճառով ֆիլմերի ցուցադրությունը կհետաձգվի, այդ պատճառով էլ չեն եկել. չեմ կարծում, որ նրանք այդքան անտարբեր են կինոյի նկատմամբ»:

«Եղիցի» ֆիլմը նկարահանված է Անտոն Չեխովի «Ճայ» ստեղծագործության հիման վրա, իսկ «Ներքեւում»-ը՝ Վահագն Գրիգորյանի համանուն պատմվածքի: Առաջին ֆիլմը ռեժիսորը նկարահանել է սեփական միջոցներով, իսկ երկրորդը՝ ֆրանսիական «Սինեմա» ընկերության օգնությամբ:

Ռեժիսոր Սերժ Հովսեփյանն ասաց, որ գրել է մի լիամետրաժ ֆիլմի սցենար, որը կամփոփի նախորդ երկու ֆիլմերը, սակայն նկարահանելու համար բավարար գումար չունի: