Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՖԻԼՄԵՐ ԴԵՌ ՉԵՆ ՍՏԱՑՎԵԼ

Մշակույթ

Ապրիլի 1-12-ը տեղի կունենա «Արեւորդի» տարածաշրջանային բնապահպանական առաջին փառատոնը, որի շրջանակներում տեղի կունենան աղբահավաքներ, քարհավաքներ, ծառատունկեր եւ բնապահպանական ակցիաներ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում:

Այսօր այս կապակցությամբ «Նարեկացի արվեստի միություն»-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ասաց. «Փառատոնը ճիշտ ժամանակին է ստեղծվել, քանի որ ապագա սերնդի համար պետք է ինչ-որ բան փոխել»: Փառատոնի աջակիցներից են Բնապահպանության նախարարությունը եւ Հայաստանի ծառատունկ ծրագիր բարեգործական հիմնադրամը, որի համակարգող Բելլա Ավետիսյանն ասաց, որ իրենք 538 դեկորատիվ եւ պտղատու ծառեր են տրամադրել փառատոնին. «Ծառերը ոչ միայն պետք է տնկվեն, այլեւ խնամվեն ու մշակվեն»,- ասաց նա:

Ծառատունկին մասնակցելու են բազմաթիվ աշակերտներ եւ ուսանողներ: Փառատոնի կազմակերպիչները նշեցին, որ փառատոնի հոկտեմբերյան հատվածը կանցկացվի Դիլիջանում` այս մասում նախատեսվում են բնապահպանական ֆիլմերի մրցութային եվ արտամրցութային ծրագիր, սեմինարներ, ցուցահանդեսներ:

Արդեն իսկ ֆիլմեր ստացվել են Թուրքիայից, Վրաստանից, Իրանից եւ Ռուսաստանից մրցույթին: Ադրբեջանից դեռ ֆիլմ չի ստացվել:

12-օրյա միջոցառումները կամփոփվեն ապրիլի 11-ին բնապահպանական երթով, որն էլ կավարտվի ակցիաներով ու բացօթյա համերգով Ազատության հրապարակում:

Նշենք, որ մամուլի ասուլիսից հետո «Փյունիկ»-ի եւ «Օրրան»-ի մի խումբ հատուկ կարիքներ ունեցող երեխաներ ծաղկի սերմեր բաժանեցին քաղաքում: