Սա հացի խնդիր լուծելու ակցիա է. «Ելք» խմբակցություն (տեսանյութ)
Թանկացումների դեմ պայքարի այլ միջոցները չկան, քան փողոց դուրս գալը: «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի կարծիքով, սա իրենց նախընտրական հավաքը չէ, այս հարցը վերաբերում է բոլորին: «Ելքը» հարթակ է ստեղծում, որ մարդիկ բողոքեն թանկացումների դեմ: Արդյո՞ք երթերը շարունական կլինեն։ Ամեն ինչ կախված է հունվարի 19-ի երթից։ «Մենք որպես քաղաքական ուժ ձեւակերպում ենք պահանջը, բայց պատվիրատուն մնում է քաղաքացին, հենց նրանք են թելադրում հաջորդ քայլն անելո՞ւ ենք, թե՞ ոչ»: Հնարավո՞ր է փողոցային պայքարով ազդել Հայաստանի իշխանությունների որոշումների վրա։ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի կարծիքով սա «Ելք»-ին սատարելու ակցիա չէ , այլ հացի խնդիր լուծելու ակցիա: Գեւորգ Գորգիսյանը նաեւ հակադարձեց վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությանը՝ կապված թանկացումների հետ: Վարչապետը այդքան էլ մտահոգիչ չէր համարել գնաճը։ «Վարչապետը ասում է կարտոֆիլը թանկացել է, կանաչին՝ էժանացել: Սա է իշխանության մոտեցումը»: Աժ-ում հունվարի 23-ին լսումներ են անցկացվելու գնաճի հետ կապված։ Դրան նախորդել էր Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը։ Գեւորգ Գորգիսյանը վստահ է, որ սա ընդամենը իմիտացիա է եւ ցանկություն կա մարդկանց աչքին թոզ փչելու: «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների կմեկնարկի հունվարի 19-ին՝ ժամը 17. 00-ին «Մոսկվա» կինոթատրոնի մոտից։