Մոսկվայում ձերբակալվել է հայտնի ֆուտբոլային հովանավոր Օլեգ Մկրտչյանը
Մոսկվայում ձերբակալվել է ուկրաինահայ գործարար Օլեգ Մկրտչյանը։ Այս մասին հայտնում է «Московский комсомолец» թերթը։ Ինչպես նշում է աղբյուրը, Օլեգ Մկրտչյանը հայտնի է նրանով, որ ժամանակին եղել է միանգամից երեք ֆուտբոլային ակումբների բաժնետեր: Դրանք են Կրասնոդարի «Կուբանը», Դոնեցկի «Մետալուրգը» եւ Երեւանի «Բանանցը»։ Նա կապ է ունեցել նաեւ Լոնդոնի «Արսենալի» ներկայիս ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տրասֆերի հետ: Հենց նրա օրոք է հայ ֆուտբոլիստը «Փյունիկից» տեղափոխվել «Մետալուրգ», ապա՝ Դոնեցկի «Շախտյոր»: Ըստ լրատվամիջոցի ունեցած տվյալների, Օլեգ Մկրտչյանին պատկանելիս է եղել Հենրիխ Մխիթարյանի իրավունքների 50 տոկոսը, եւ երբ «Շախտյորը» հայ ֆուտբոլիստնին 27,5 մլն եվրոյով վաճառել է Դորտմունդի «Բորուսիային», այդ գումարի կեսը նա է ստացել: Սակայն, ըստ որոշ աղբյուրների, հայ ֆուտբոլիստի իրավունքները հավասարապես պատականելիս են եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին ու Օլեգ Մկրտչյանին: Ուկրաինական ռադայի դեպուտատ Սերգեյ Տարուտան, որը ժամանակին եղել է Օլեգ Մկրտչյանի բիզնես գործընկերը, հայտարարել է, որ նրան առայժմ երկու ամսով են ձերբակալել: Ըստ նրա, դա կապված է պետական բանկերից վերցրած վարկերի հափշտակման հետ: Նշենք, որ Օլեգ Մկրտչյանը Դոնբասի արդյունաբերական միության (ԴԻՄ) երեք հիմնադիրներից մեկն է: Նրան են պատկանելիս եղել այդ միության բաժնետոմսերի 25 տոկոսը: ԴԻՄ-ի կազմի մեջ մտել են Ալչեւսկի եւ Կամենկայի, ինչպես նաեւ Dunaferr ու ISD-Huta Czestochowa ընկերությունների պատկանող մոլիբդենային կոմբինատները, որոնք 2017 թվականի մարտին դադարեցրել են գործունեությունը։ Օլեգ Մկրտչյանին են պատկանում նաեւ Կրասնոդարի մետաղային կոնստրուկիցիաների գործարանը, Ապշերոնսկի փայտամշակման կոմբինատը, հայրենի Արմավիր քաղաքում գտնվող մի քանի ձեռնարկություններ: