Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե Սերժ Սարգսյանը առաջադրվի, ՀՀ-ում կտրուկ կարող է սրվել ներքաղաքական իրավիճակը»

Քաղաքականություն
Untitled5

ԱԺ արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ներման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը՝ 67 կողմ, 17 դեմ և 5 ձեռնպահ քվեարկությամբ: Մինչ այդ, վարման կարգով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀԿ-ն դե ֆակտո ներքին որոշում ունի, որ Սերժ Սարգսյանին առաջադրելու է` որպես նախագահի թեկնածու. «Կարևոր եմ համարում սա արձանագրել»։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ նախագիծը սահմանադրականութան հետ կապված մեծ խնդիրներ ունի, բայց եւ այնպես որոշել են քվեարկել ազատ: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր հերթին նշեց, որ դատապարտյալին ներում շնորհելու լիազորությունը տրված է ՀՀ նախագահին, մինչդեռ այս նախագծով իմաստազրկվում է և տրվում վարչապետին. «Նախագահի լիազորությունները ձևական բնույթ են կրում, ուստի խմբակցությունը դեմ կքվեարկի»: «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ ավելացրեց, որ սա հերթական փորձն է իշխանությունը գերկենտրոնացնելու վարչապետի շուրջ. «Վարչապետի լիազորությունների ընդլայնումը աղետալի է լինելու մեր երկրի համար և համատեղելի չէ ժողովրդավարության հետ»: ԱԺ-ն քվեարկեց նաև «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծը և ընդունվեց 61 կողմ 34 դեմ ձայների համադրությամբ: Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ իրենք դեմ կքվեարկեն, քանի որ այսօրեական խնդիր չկա և այդ մարմինը որևէ դրական գործունեություն չի ծավալել հանրության համար: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ՀՀԿ-ն չհերքեց, որ Սերժ Սարգսյանը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու: Ես ուզումեմ ևս մեկ անգամ անձագրել` եթե Սերժ Սարգսյանը՝ ի հեճուկս իր խոստման, որոշի առաջադրվել, դա կարող է ՀՀ-ում կտրուկ սրել ներքաղաքական իրավիճակը»։ ԱԺ-ն առաջին ընթեցմամբ ընդունեց նաեւ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին » օրենքի նախագիծը՝ 89 կողմ, 7 դեմ քվեարկությամբ: Մինչ այդ վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը` շեշտելով, որ «Ներման մասին» օրենքի նույն տրամաբանությամբ այս նախագծով ևս տանում են սուպերվարչապետական համակարգի, ինչը անթույլատրելի է և ուստի իրենք դեմ կքվեարկեն: Խմբակցության մեկ այլ պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց. «Ես կարծում եմ, որ ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը երկրի դեմքն են, և նրանք նույն կարգի ճանաչում ունեն, ինչպես դրոշն ու զինանանշանը և ուստի պետք չէ այդ մարդկանց զրկել ԱԽ նիստին մասնակցելու հնարավորությունից»: Ըստ Սարգսյանի` օրենքը ներկայացնողների մոտ այդ ընկալումը չկա, իրենք չեն մասնակցել ԱԽ նիստին և չգիտեն այդ խորհուդն ինչի համար է: «Ծառուկյան խմբակցության» պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ կազմի հետ կապված խնդիր կա և պետք է, որ նախագահը, ԱԺ նախագահը փոխհադարձ հանձնարարականներ տալ-չտալուն մասնակցեն. «Բայց մենք գտնում ենք, որ երկիրը պետք է ունենա ԱԽ և մենք կողմ կքվեարկենք»: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հորդորեց` Սահմանդրությամբ դրված իրենց կարգավիճակը չիջեցնել. «Մենք հանդիսանում ենք բարձրագույն մարմին և ունենք վերահսկողական կարգավիճակ գործադիրի գործունեության վրա և չեն կարող մաս կազմել նրան, որը պետք է վերահսկենք: Պետք չի իջեցնել ԱԺ կարգավիճակը, դրանով իջեցնում եք ձեր կարգավիճակը»: Նախագիծն ընդունվեց 89 կողմ, 7 դեմ քվեարկությամբ: