«Դատավորին տալիս ենք հավելյալ մկրատ, որ փաստաբաններին պատժի»
ԱԺ-ում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ նախագծի պատասխանատուները չկարողացան նորմալ հիմնավորել, թե ինչու պիտի արգելվի կամ ինչու է հետաձգվում մինչև ապրիլի 1-ը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ այս բոլոր հարցերին երեկ հարակից ու հիմնական զեկուցողները պատասխանել են: Ելք խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ սրանով նպաստում ենք, որ ավելի հին մեքենաներ մտնեն Հայաստան, որոնք էկոլոգիապես մաքուր չեն: Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 63 կողմ, 34 դեմ ձայներով: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Կառավարության կողմից ներկայացված «Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը» և կից ներկայացված օրենքների փաթեթը՝ 59 կողմ, 25 դեմ և 10 ձեռնպահ ձայներով։ Վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, թե փաստաբաններին տուգանքի ենթարկելու ինստիտուտը հակասում է արդար դատաքննության իրավունքին և կոչ արեց փաստաբաններին միանգամից դիմել ՄԻԵԴ՝ նման օրենքի գոյության համար. «Պատրաստ եմ օգնել փստաբաներին նաև Սահմանադրական գանգատ պատրաստել ներկայացնելու ՄԻԵԴ»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ այս օրենքը լրացուցիչ մկրատ է լինելու փաստաբաններին պատժի ենթարկելու համար. «ՀՀ դատական համակարգի մեղմ ասած խայտառակ վիճակը, դա փաստաբանների մեղքով չի, և դատավորին, որ վարում է դատական վեճը, տալիս ենք հավելյալ մկրատ, որ փաստաբաններին պատժի և հավասարակշռությունը փոխի, այնուամենայանվիվ դաշինքը կքվեարկի ազատ ռեժիմով»: Նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն ասաց, որ դեռ երեկվանից քննարկվում է այն հարցը, որ փաստաբաններն տուգանքի ենթարկելը հակասում է եվրոպական կոնվեցիաներին, ինչը սակայն այդպես չէ։ ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց։