ԱՐՀԵՏԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՖԼՈՆ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Վերջ տալ ծառահատումներին», «Վերջ որսին», «Պահպանեք մեր բնությունը» ցուցանակներով այսօր Արեւորդի տարածաշրջանային բնապահպանական փառատոնի մասնակիցները վերջին անգամ հավաքվել էին Ազատության հրապարակում: Հավաքված երեխաները, որոնք եկել էին Գյումրիի, Դիլիջանի, Գառնիի, Ուրցաձորի, Կոշի, Երեւանի դպրոցներից, հրապարակում տեղադրված մոլբերտներով կտավների վրա նկարում էին իրենց ցանկությունները կապված անտառների հետ:
«Նկարում եմ` ոնց պահպանել կենդանիներին, որ իրենք չվերանան, չգրանցվեն Կարմիր գրքում»,- ասում է Ստեփանավանից եկած Կարենը: «Իմ նկարում ուզեցել եմ մարդկանց ասել, որ պետք չի կենդանիներին որսալ, նրանք կկանգնեն ոչնչացման եզրին, չէ՞ որ առանց այդ որսերի էլ մարդիկ կարող են ապրել, իրենք իրենց ցանկության համար են ոչնչացնում»,- ասում է ուրցաձորցի Սիրան Խաչատրյանը:
Ազատության հրապարակում կանգնեցված էր նաեւ հայկական Մուֆլոն, որը երեխաները պատրաստել էին պոլիէթիլենային շշերից, պլաստմասե բաժակներից, ռետինե ձեռնոցներից, ծխախոտի տուփերից եւ մետաղե իրերից: Այս փառատոնին մասնակցել է 600-ից ավել երեխա: Փառատոնի հիմնական նպատակն էր փոխել երեխայի վերաբերմունքը բնության նկատմամբ, որպեսզի խնամքով վերաբերվեն բնությանը:
Փառատոնի մամուլի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանն ասաց, որ մարտի 30-ից սկսված Արեւորդի տարածաշրջանային բնապահպանական փառատոնի ակցիաները հիմնականում ներառել են իրենց մեջ քարհավաքներ, աղբահավաքներ եւ ծառատունկներ, որոնք հիմնականում իրականացվել են կամավորական խմբերի, ջոկատների, ուսանողների, տարբեր հասարակական կազմակերպությունների, դպրոցականների շնորհիվ:
Նրա խոսքերով, դպրոցներում անցկացվել են բնապահպանական դասընթացներ եւ երեխաները սովորում են նկարել բնությունը: Երեխաները պատրաստվում են նկարահանել ֆիլմեր, ինչի շնորհիվ հոկտեմբերի 6-ից 10-ը կկայանա տարածաշրջանային կինոփառատոն, որին կմասնակցեն ֆիլմեր նաեւ այլ երկրներից: Փառատոնը կանցկացվի Դիլիջանում: