ԵՎՐՈՏԵՍԼԻԼԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՆ ՆԱԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ին«Եվրոտեսիլին Հայաստանի մասնակցությունը շատ կարեւոր է, քանի որ այն տանում են մեր ժողովրդին ճանաչում բերելու եւ մեր երկիրը, մեր մշակույթը ճանաչեցնել տալու»,- «Ա1+»-ի հետ հարցազրույցում հայտնեց երգահան, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, դոկտոր պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը:
Նա նշեց, որ այս տարի մայիսի 12-ին Եվրոտեսիլում ներկայանալիք Հայկոի երգը լավ չի ուսումնասիրել, միայն մի քանի անգամ է լսել եւ իրեն թույլ չի տա կանխատեսումներ անել երգի հաջողակության վերաբերյալ, բայց կարծում է, որ «պետք է աշխատեն ոչ միայն երգչի իմիջի, այլ երջը` ազգային տարրեր եւ հայերիս ցույց տվող էլեմենտներ մտցնել, ինչը Հայկոի երգում ձեւական բնույթ ունի»:
«Նման դեպքերում պետք է վստահել լուրջ արվեստագետների, այսինքն` ստեղծագործության հեղինակները լինեն լուրջ պրոֆեսիոնալ բանաստեղծ եւ պրոֆեսիոնալ կոմպոզիտոր, ներդաշնակումը նվագարանների պետք է արվի նորից պրոֆեսիոնալի կողմից»,- ասաց Թովմաս Պողոսյանը եւ հավելեց, որ «եթե մի բան արվելու է մարդկանց կողմից, ովքեր հասկանում են մեր ազգային արժեքները, մեր ժողովրդական երգի, մեր հոգեւոր, 20-րդ դարի մեր կոմպոզիտորական երաժշտությունը, ուրեմն վստահենք նրանց եւ միայն նրանց ստեղծածով թող գնան Եվրոտեսիլ»:
Թովմաս Պողոսյանը խոսեց նաեւ Եվրոտեսիլի քաղաքական ենթատեքստի մասին եւ ասաց, որ մեր իշխանական բարձրաստիճան այրերն էլ պետք է «լավ աշխատեն» այս դեպքում: «Ամեն ինչի մեջ քաղաքականություն կա, բայց մենք գնում ենք ոչ թե քաղաքական, այլ մշակութային ներկայացման մասնակցելու եւ անպայման պետք է բարձր արվեստով ներկայանալ այնտեղ, այս է խնդիրը»,- ասաց երգահանը:
Նշենք, որ Թովմաս Պողոսյանը իր դժգոհությունը հայտնեց մեր օրերի էժանագին երգերի եւ նորաթուխ երգիչ-երգչուհիների մասին` ասելով, որ «ամեն տեսակ ֆլան-բեֆանը» շատ է, «բոլորը անխտիր երգիչ են», ինչը գցում է հատկապես ունկնդիրների մակարդակը: «Երգչի չափանիշը Սայաթ-Նովա ճիշտ երգել կարողանալն է, եթե Սայաթ-Նովա չի կարողանում երգել, էլ ի՞նչ երգիչ»,- ասաց նա:
Իսկ թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին Թովմաս Պողոսյանը ում է հարելու, նա ասաց` ոչ մեկին էլ առավելություն չի տալիս, բայց արձագանքելու է հանրահավաքներին ելույթ ունենալու իր խմբին արված կուսակցությունների բոլոր հրավերներին, դրանով իսկ «բաց չթողնելով ժողովրդին ազգային երգարվեստը հրամցնելու հնարավորությունը»: