Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՊԱՐ Ց-ով ՍԿՍՎՈՂ ԲԱՌԻ ՇՈՒՐՋ»

Մշակույթ

«Եղեռն անտեսելը ծնում է նոր եղեռն»,- հոմոզված է «Ճչացողները» 91 րոպեանոց փաստավավերագրական անգլալեզու ֆիլմի հեղինակներից, ռեժիսոր Քարլա Կարապետյանը: Ֆիլմը պատմում է ինչպես Հայոց Մեծ Եղեռնի, այնպես էլ աշխարհում 1915թ. մինչ այսօր տեղի ունեցած ցեղասպանությունների մասին ընդհանրականով:

Ֆիլմը նախատեսված է հատկապես ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանաիայի հանդիսատեսի համար, քանի որ տիկին Կարապետյանի մեկնաբանությամբ, հենց այս պետություններն են ժամանակին վարել Հայոց Ցեղասպանության ժխտողական քաղաքականություն: «Նպատակ ունեինք ժխտողականության երեսպաշտությունը՝ դեմագոգիան ցույց տալ ամերիկացիներին, բրիտանացիներին ու արեւմտյան այլ ազգերին, որ ժխտելով՝ յուղ են լցնում այսօր ցեղասպանություն իրականացնողների կրակին: Այս ֆիլմը պատասխանատվություն է դնում բոլոր այն պետությունների վրա, որոնք սատար են կանգնում ցեղասպանությունը ժխտողներին»,- պարզաբանում է տիկին Կարապետյանը:

Ֆիլմում օգտագործվել են «Փուլիտցերի» մրցանակակիր, գրող Սամանտա Փաուերի «Ամերիկան եւ ցեղասպանությունների հարյուրամյակը» գրքի առաջ քաշած հիմնական այն գաղափարները, ըստ որի Հայոց Ցեղասպանությունը դարձավ մի մոդել, որի հիման վրա 20-րդ դարում տեղի ունեցան մյուս բոլոր ցեղասպանությունները՝ Հոլոքոստ, Փոլ Փոթի Կոմբոջա, Ռուանդա, Դարֆուր եւ այլն: Իսկ այս բոլոր ցեղասպանությունների շարունակական բնույթը աշխարհի խոշոր պետությունների չարձագանքելու արդյունքն էին:

Ֆիլմի վերնագիրն ընտրվել է հենց այս գրքից, որտեղ ճչացողն այն մարդն է, որը ձեռք է բարձրացնում ու պահանջում, որ դադարեցվի ցեղասպանությունը: «Այդպիսի մի օրինակ էր Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հանրի Մորգենթաուն, որն առաջինը հայտնեց հայերի մեծածավալ ոչնչացման մասին: Ամեն տեղ էլ աշխարհում կան այդպիսի ճչացողներ, սակայն խնդիրն այն է, թե ինչու նրանց ականջ չեն դնում»,- մտահոգվում է Քարլա Կարապետյանը:

Ֆիլիմի պատվիրատուն BBC-ն է, որին հետաքրքրել էին Թուրքիայում տեղի ունեցող այն հետապնդումները, որոնք վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը: Ինչպես նաեւ Քարոլինա Կարապետյանին հանձնարարվել էր համագործակցել կանադահայ աշխարահահռչակ «System Of A Down» ռոք խմբի հետ, որի երաժշտությունն ուղղված էր հիմնականում հակապատերազամական, նյութապաշտական թեմաներին եւ ամենակարեւորը՝ գլխավորապես կենտրոնանում էր աշխարհում տեղի ուենցող ցեղասպանությունների վրա՝ իբրեւ ելակետ ունենալով Հայոց Ցեղասպանությունը:

Քարոլինայի պատմելով՝ խմբի մենակատար Սերժ Թանգյանը համաձայնվեց նկարահանվել ֆիլմում, պատմել իր պապերի պատմությունը, ինչպես նաեւ ներկայացնել խմբի համերգային կենդանի կատարումները միայն այն պայմանով, որ Հայոց Ցեղասպանության իրողությունը ֆիլմում ի վերջո պետք է բերի ընդհանրացումների մյուս բոլոր ցեղասպանությունների համար: Թանգյանի այս պահանջն ուղղված է հիմնականում երիտասարդությանը, որ «ի սկզբանե փոխվի նրանց դիրքորոշումը, որ նրանք ուժեղանան ու վերեւից նրանց որեւէ քաղաքականություն չկարողա ճնշել, այլ ընդհակառակը «ներքեւից դեպի վերեւ քաղաքականություն փոխվի»:

Ընդհանրապես, «System Of A Down»-ն իր երաժշտությամբ եւ երկրպագուների մեծ բանակով՝ շուրջ 50 միլիոն, մեծ ազդեցություն ունի եւ Քարոլինա Կարապետյանը հասկացավ, որ նրանց միջոցով հնարավոր է շատ տեղեկություններ տարածել:

Դա է վկայում, օրինակ` խմբի համերգներից մեկը, որի ժամանակ Քարոլինա Կարապետյանը եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ համերգասրահից դուրս ցեղասպանության բովանդակությամբ բուկլետներ էին բաժանում հանդիսատեսին: Տիկին Կարապետյանի զարմանքը մեծ է եղել, երբ 16 տարեկան ամերիկացի մի պատանի մոտեցել ու ասել է, որ այդ բուկլետն իրեն պետք չէ, քանի որ ինքն արդեն գիտեր Հայոց Ցեղասպանության մասին՝ ի շնորհիվ ռոք խմբի:

Ֆիլմը բաղկացած է մի քանի մասերից՝ սկսվում է Սերժ Թանգյանի պապու պատմությունից, հասնում մինչեւ ԱՄՆ-ում տեղի ունեցող գործընթացները՝ «Ց-ով սկսվող բառի շուրջ իրականացվող խուսանավումները»: «Ճչացողները» ԱՄՆ-ում ունի R ռեյտինգ, այսինքն՝ ֆիլմում տեղ գտած բռնության տեսարանները, որոշ արտահայտությունները ցանկալի չեն երեխաներին ցույց տալու համար, բայց ֆիլմում միտումնավոր դրանք չեն հանվել՝ ցեղասպանության ողջ տեսարանն ավելի ամբողջական ու արտահայտիչ դարձնելու համար:

Միջազգային ցուցադրումների շարքում Հայաստանն առաջինը կլինի, որտեղ կցուցադրվի ֆիլմը՝ ապրիլի 17-24: