«Որդուս սպանությունը իրականացվել է խմբի կողմից» (տեսանյութ)
25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության գործով իրեղեն ապացույցները խեղաթյուրվել են: «Վերացվել են իրեղեն ապացույցները, կեղծվել են փաստական հանգամանքները: Որդուս սպանությունը իրականացվել է խմբի կողմից: Որդուս սպանությունը պատվիրված է, կան փաստեր, հանգամանքներ, ապացույցներ, ինչը ի սկզբանե թաքցրել են»,- այսօր «Մեդիա կենտրոն»-ում կայացած քննարկմանն ասաց Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադալանյանը: Գործով միայն մեկ ամբաստանյալ է անցնում, սակայն մայրը վսստահ է, այլ անձինք էլ են մասնակցել սպանությանը. «Փորձում են այս կերպ զերծ պահել մյուսներին: Նախ, սա բխում է նաեւ մեղադրյալների շահերից, քանի որ խմբի կողմից կատարված հանցագործությունը ավելի խիստ պատիժ է նախատեսում»: Ըստ Ռուզաննա Ադալանյանի՝ 8 տարբեր հաղորդումներ է ներկայացրել հանցագործության մասին, սակայն որեւէ նյութ չի նախապատրաստվել: «Այս հանցագործությունը պատվիրված է, պատվիատուն Շիրակի մարզպետարանի Կանանց, երեխաների եւ ընտանիքի իրավունքի բաժնի պետ Լուսինե Գինոսյանն է: Նա պատվիրել է որդուս սպանությունը եւ սպանությունը իրականացրել են պետական իրավական մակարդակով»։ Նա համոզված է, որ որդու սպանությունը եղել է պատվիրված՝ անձնական թշնամության դրդապատճառով: Ռուզաննա Ադանալյանի խոսքերով՝ գործի խեղաթյուրումը սկսվել է Գլխավոր դատախազությունից եւ հիմա էլ շարունակվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Գործով դատաքննությունն ավարտվել է: Կողմերը հանդես են գալիս ճառերով: Փաստաբան Նինա Կարապետյանցը նշում է՝ գործով նախաքննությունը բացթողումներով է իրականացվել. «Չի կարող սպանության գործով լինել փորձաքննություն եւ գործի մեջ չլինեն նկարներ, թերություններ կա եւ սա դիտմամբ է արվել»: Ներկա պահին փաստաբանն անհանգստացած է Ռուզաննա Ադանալյանի կյանքի համար՝ նա ծեծի, իսկ այնուհետ վրաեթի է ենթարկվել: