Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զբոսաշրջիկների համար անտառներում կկառուցվեն վրաններ, կամրջակներ, ճոպաններ (տեսանյութ)

Տնտեսություն
antarner

Կառավարությունը 3-ամյա ծրագիր է մշակել, ըստ որի՝ հանրապետությունում անտառային տնտեսության պահպանությունը կկազմակերպվի նոր մոտեցումներով՝ կիրականացվի անտառների շուրջօրյա պահպանություն, զբոսաշրջիկների համար հատուկ պայմանների ստեղծում, հատապտուղների աճեցում ու մշակում: «Կան միջազգային ծրագրեր, որով դասընթացներ են կազմակերպվելու բնակչության համար՝ ոնց է պետք օգտվել անտառների բարիքից, ոնց է պետք մթերում իրականացնել, որպեսզի հաջորդ տարի տվյալ բույսը, ծառը պտուղ տա»,- նշում է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Զբոսաշրջիկների համար կկառուցվեն հատուկ վրաններ, կամրջակներ, ճոպաններ, որոնք անտառ նրանց այցելությունը կդարձնեն հետաքրքիր, հարմարավետ ու գրավիչ: Իսկ որ կարևորն է՝ այս ամենն արվելու է առանց բնությանը վնաս հասցնելու: Ծրագիրն իրականացնելու համար, ինչպես նշեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, կօգտագործվեն «Հայանտառ»-ի ֆինանսական միջոցներն ու դրամաշնորհներից ստացված գումարները: «Մեր այսօրվա գնահատականներով 1 մլրդ դրամի շրջանակերում է լինելու և այս ֆինանսավորումը հստակ կա այսօր»,- նշում է նա: Շուտով կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնելու անտառների պահպանության վերաբերյալ օրենքի նոր նախագիծ, որով ոլորտում մի շարք փոփոխություններ են նախատեսվում: Մինչև 2050թ. նախատեսվում է Հայաստանում անտառների ծավալը հասցնել 21 %-ի: Անտառների պահպանության գործառույթն այսուհետ Գյուղատնտեսության նախարարության փոխարեն Բնապահպանության նախարարությունը կիրականացնի: