«Սերժ Սարգսյանին դեմ կամ կողմ լինելը երբեք չի կարող լինել ցույցի մասնակիցների թիվը» (տեսանյութ)
Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումը կանխելու համար «Մերժիր Սերժին» նախաձեռնության շաբաթ օրվա բողոքի ակցիան միայն սկիզբն է։ Բողոքի երթերը պարբերական բնույթ են կրելու։ «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Մարիա Կարապետյանը նշում է. «Մենք այդ երթի նպատակ հռչակել էինք ՝որպես իրազեկման երթ, որը ուղղված էր նաև քաղաքացիների վստահության ամրապնդմանը։ Այս կերպ հնարավորություն է ստեղծվում տարբեր հայացքների տեր մարդկանց համար գալ միավորվել մեկ գաղափարի շուրջ, այն է՝ պայքար Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ»։ «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ևս միացել է «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը։ Ըստ նրա՝ հնարավոր չէ առանց քաղաքական պայքարի հասնել նշանակալի արդյունքների բոլոր ոլորտներում, այդ թվում կրթության։ «Քաղաքական ոլորտում, եթե կան խնդիրներ, ապա այդ ոլորտի թերությունները ազդում են բոլոր հաստատությունների վրա։ Ես, լինելով ԵՊՀ ուսանող, զգում եմ դա»,- ասաց Դավիթ Պետրոսյանը։ Տարածված կարծիք կա, թե հակաիշխանական ցույցներին քիչ մարդիկ են հավաքում, ինչը իշխանություններին հիմք է տալիս մտածելու, թե, ով չի գալիս ցույցի, ուրեմն ոչինչ չունի բողոքելու։ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներից Դավիթ Հովհաննիսյանը հիշեցնում է «Ելք» դաշինքի թանկացումների դեմ ուղղված երթերը, որին մասնակցում էին մոտավորապես 500 հոգի, մի՞թե դա նշանակում է, թե մնացածը թանկացումների հետ խնդիր չունեն։ «Եթե ընդհանրապես որևէ մեկը դուրս չի գալիս փողոց, նշանակո՞ւմ է, որ բոլորը համաձայն են դրա հետ։ Իհարկե այդպես չի. Սերժ Սարգսյանի իշխանության համաձայնությունը և չհամաձայնությունը երբեք չի կարող լինել ցույցի մասնակիցների թիվը»։ Նախաձեռնության անդամները վստահ են, որ Սերժ Սարգսյանին հեռու պահելով իշխանությունից կլուծեն Հանրապետական կուսասկության հեռացման հարցը ևս։ Նկատենք, որ «Մերժիր Սերժին» կարգախոսով առաջին երթին ոստիկանական ուժեր չէին նկատվում, անգամ այն ժամանակ, երբ ցույցի մասնակիցները փակցրեցին Սերժ Սարգսյանի ծաղրանկարը։ Ըստ նախաձեռնության անդամների՝ դա իշխանությունների կողմից մշակված մարտավարություն է՝ցուցադրաբար անտեսել երթը, այնինչ ամբողջ ընթացքում շենքերի հետնամասերում հավաքված էին ոստիկանական բազմաթիվ խմբեր՝ պատրաստ հրամանի։