Թոմաս Անդերսը ցույց տվեց հեռախոսը. իրանցիները «Մոդերն Թոքինգի» համերգին (տեսանյութ)
Անվտանգության աշխատակիցները փորձում են դահլիճից դուրս հրավիրել հանդիսատեսին, որը համերգից հետո շարունակում է սելֆիներ անել։ Նրանք հիմնականում իրանցի զբոսաշրջիկներ են, որոնք մոտ երկու ժամ երգում եւ պարում էին Թոմաս Անդերսի եւ «Մոդերն Թոքինգ» բրենդի հետ։ Տոմսերի վաճառքից արդեն իսկ հասկանալով իրանցիների հետաքրքվածությունը՝ կազմակերպիչները հրավիրել էին նաեւ իրանցի հաղորդավարի։ Առաջին շարքերում նստած էին Թոմաս Անդերսի ջերմ երկրպագուները, որոնք անգիր գիտեին բոլոր երգերը։ Իրանցիների մեծ մասը եկել էր ընտանիքներով, ընդ որում՝ երգերի բառերը գիտեին ոչ միայն միջին տարիքի , այլ դպրոցահասակ հանդիսատեսը։ Գերմանացի վոկալիստ Թոմաս Անդերսը տպավորված է երեւանյան հանդիսատեսից, եւ մի քանի անգամ շնորհակալություն է հայտնում ջերմ ընդունելության համար։ Երգացանկում ընդգրկված են բոլոր այն ստեղծագործությունները, որոնք ութսունականներին հիթեր էին։ Արդեն հիսուն տարի բեմում գտնվող Թոմաս Անդերսը (իր խոսքով՝ հինգ տարեկանից –խմբ) հարց է տալիս նախկին եւ ներկա հանդիսատեսի …տարբերության մասին եւ ինքն էլ պատասխանում է. հիմա դահլիճից երգչին նայում է ոչ միայն հանդիսատեսը, այլեւ ... սմարթֆոնները։ «Նայում ես բեմի ուղղությամբ եւ, – ցույց է տալիս՝ նկարահանողի դիրքով,–տեսնում ոչ թե աչքեր, այլ հեռախոսներ»։ Թոմաս Անդերսը շեշտում է, որ պետք չի եզրակացնել, թե ինքը ժամանակակից չէ, ինքն էլ սմարթֆոն ունի։ Նա ծոցագրպանից հանում է հեռախոսը, ուշադրություն հրավիրում եւ տեսանկարահանում։ «Ձեզ կարող եք տեսնել ֆեյսբուքում»,– հանդիսատեսին ասում է Թոմաս Անդերսը, որն այս տարի տոնում է 55–ամյակը։