«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՐՔ` ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Ես ծնունդով հայ չեմ, ես հայ եմ իմ ընտրությամբ». այս խոսքերի հեղինակը ամերիկացի երգիչ Դանիել Դեքերն է, որը հայոց ցեղասպանության զոհերին նվիրված իր անգլերեն երգը սկսելուց առաջ արեց այս հայտարարությունը: Ամերիկացի երգիչը այս ձեւով իր մասնակցությունն ունեցավ ԱՄՆ-ում կազմակերպված` գիտությունների դոկտոր Գեւորգ Խրլոպյանի «Ցեղասպանություն» գրքի շնորհանդեսին։
Գրքում խորքային ուսումնասիրության է ենթարկվել թուրքերի կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը, աստվածաբանական, կրոնաբարոյական, պատմագաղափարական, միջազգային հարաբերությունների, հասարակական, ընկերային, մարդու իրավունքի տեսանկյունից: Այդ իմաստով գիրքը նոր ակոս է բացում հայոց ցեղասպանութեան պատմության բնագավառում։
Միջոցառումը կազմակերպվել էր Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԿՀԳՄ) կողմից։ «Ցեղասպանություն» գրքի շնորհանդեսին մասնակցում էին Լոս Անջելեսի Կալիֆորնիա Համալսարանի Հայ Կրթական Հիմնարկության Արդի Հայոց Պատմության Ամբիոնի ներկայացուցիչները եւ Նորթրիջ Համալսարանի Հայագիտության Ծրագրի տնօրինությունը։
Պատմաբան դոկտոր Ավետիս Փափազյանը, որպես գլխավոր բանախոս, վերհանեց գրքի առանձնահատկությունները, արժանիքները, մասնագիտական նորովի ընդգրկումները։ Դոկտոր Հակոբ Կիվլլիճյանի բանախոսությամբ անդրադարձավ հատորի բովանդակության մի շարք երանգներին ու հարցերին։ Միջոցառմանն ընթերցվեցին նաեւ ստացված բազմաթիվ ուղերձներ, ներկայացվեց Երեւանի Հայոց Ցեղասպանության Թանգարանի տնօրինության եւ Անթիլիասի Մայրավանքի հղած նամակները։