«Իսլամական պետության» հայ համակիրն հայտարարեց, որ հեռանում է դատարանի դահլիճից (տեսանյութ)
ՇՄ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ, 2017թ.ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրու «Արգո» վաճառատան մոտակայքում,սառը զենք հանդիսացող դանակով մի քանի անգամ հարվածել է թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևին՝ սպանելով վերջինիս : Նիստի մեկնարկից անմիջապես հետո ամբաստանյալ Ջանջուղազյանն ու նրա փաստաբանը դատարանին միջնորդել են նիստը չտեսանկարահանել:Դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակի, չթույլատրելով տեսանկարահանել միայն մեղադրվող կողմին: Դատարանի այս որոշումից հետո ամբաստանյալ Արման Ջանջուղազյանը հայտարարել է, որ ինքը հեռանում է դատարանի դահլիճից և չի մասնակցի նիստին: Նախագահող դատավորն էլ փոխել է որոշումն ու հայտարարել, որ այսուհետ նիստերը կկայանան դռնփակ: