Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ունեցեք ձեր վերաբերմունքը և մի թաքցրեք այն. Վլադիմիր Մենշով (տեսանյութ)

Մշակույթ
Untitled-1

Հանդիպումներ ուսանողների հետ, ֆիլմերի ցուցադրություններ, վարպետության դասընթացներ, ուսանողական ներկայացումներ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։  Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը  իր 100-ամյա հոբելյանի միջոցառումների շարքում  պատվիրակություն է ուղարկել  Երևան։ «Նման հանդիպումներ ԽՍՀՄ-ի ժամանակ հաճախ էին կազմակերպվում, հետո ամեն ինչ փլուզվեց և հիմա փորձում ենք վերականգնել»,- ասում է կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի դեկան Ելենա Մագակը։ - Հիանալի երիտասարդներ են։  Ձեր ազգին բնությունը օժտել է բնական պլաստիկայով և զգացմունքայնությամբ։ Վարպետության դասերի շրջանակում ուսանողների հետ հանդիպեց «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի համար «Օսկար»-ի արժանացած Վլադիմիր Մենշովը։ «Առանց կինեմատոգրաֆի իմ կյանքը չէի պատկերացնում և չորս տարի անընդմեջ դիմել եմ ՎԳԻԿ՝ մինչև չընդունվեցի։ Միխաիլ Ռոմմի ուսանողն եմ եղել։ Կարծում եմ, սրանով երևի թե շատ բան է ասված։ Իմ հոգևոր  ուսուցիչներն էին Ռոմմը, Գերասիմովն ու էյզենշտեյնը։ Վերջինիս կարելի է համեմատել փոքր բլուրների կողքին հառած Արարատ լեռան հետ»։ Վարպետության դասընթաց հասկացողությունը Մենշովն այնքան էլ չի ընդունում։ Որպես օրինակ նա բերում է լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիին։ «Նա աշխարհով մեկ վարպետության դասեր է տալիս։ Մինչդեռ մի լավ ֆիլմ չի նկարում։ Մի խորհուրդ կտամ, որ  իմ ուսանողներին միշտ տալիս եմ։ Մի վախեցեք ասել այն, ինչ զգում եք։ Ունեցեք ձեր վերաբերմունքը և մի թաքցրեք այն»։ Նրա համար, իր իսկ խոսքով իրական արժեք են Ֆեդերիկո Ֆելինին, Անջեյ Վայդան, Փիթեր Բրուքն ու Ֆրանկո Դզեֆիրելլին։