Ակցիա՝ «դրամահավաք Սերժ Սարգսյանի թոշակի համար» (տեսանյութ)
#ՄերժիրՍերժին նախաձեռնությունը դրամահավաք է սկսել Սերժ Սարգսյանի թոշակի համար: Դրամահավաք անցկացնելու միտքը ծագել է Սերժ Սարգսյանի և գիտնականների հանդիպումից հետո, երբ վերջինս հայտարարեց, թե իրեն էլ է փող պետք։ «Մենք երախտամոռ չենք, գնահատում ենք Սերժ Սարգսյանի 10 տարվա արածը՝արտաքին պարտք, հողի կորուստ, արտագաղթ եւ այդ ամենը գնահատելով ուզում ենք այդ մարդուն վաստակած հանգստի ուղարկել», ասում է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը: Ըստ դրամահավաքի կանոնների, յուրաքանչյուր քաղաքացի կարող է նվիրաբերել 10 կամ 20 դրամ: «Մեր տնտեսագետները հաշվարկ են կատարել եւ հասկացել, թե ամեն քաղաքացի ինչքա՞ն կարող է վճարել Սերժ Սարգսյանի թոշակի համար եւ մաքսիմումը կազմել է 10 դրամ», ասում է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը: «10 դրամը հաստատ իրենն է, եթե 20 դրամ է, ապա կեսն իրենն է, մյուս կեսը՝ Սաշիկ Սարգսյանինը», հավելում է Դավիթ Սանասարյանը: #ՕգնիրՍերժին համազգային հանգանակության ընթացքում հավաքված գումարը կտարվի Բաղրամյան 26: Քանի օր կտեւի պարզ չէ, պարտադիր պետք է լցվեն 3 լիտրանոց տարաները: Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն առաջին հանգանակություն կատարողներից է: «Ես ներդրում ունեցել եմ: Եթե քաղաքացին 50 դրամ ունի, մենք մանրում ենք նրա գումարը»: Նախաձեռնության անդամ Լեւոն Բարսեղյանն ասում է, որ դժվար կլինի հաշվել գումարը: «Հաշվել հնարավոր չէ: Մուկուչյանին պետք է հրավիրենք, որ կարողանանք հաշվել: Սերժ Սարգսյանը Մուկուչյանի հաշվարկներին հավատում է»: #ՄերժիրՍերժին նախաձեռնությունը հայտարարեց, որ սատարում է Նիկոլ Փաշինյանի «ԻմՔայլը» արշավին: Դավիթ Սանասարյանը նշում է. «Մեր նախաձեռնության անդամները քայլերթին մասնակցել են եւ էլի կմասնակցեն: Նիկոլ Փաշինյանը դա կազմակերպել է, բոլորս չպետք է լծվենք դրան, մենք այստեղ շարունակում ենք մեր ամենօրյա գործողությունը եւ իրար օգնելով պետք է ժողովրդին հանենք փողոց: «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը հավատում է, եթե բոլոր ուժերը միանան, ապա հաղթանակ կլինի: «Մեր պետությունը վտանգված է, վերեւում նստածները ոչ մի բան չեն տեսնում: Սերժը փախնելու է իր բանդայի հետ, ժողովուրդը մնալու է եւ մենք այսօր ենք ուզում դա կանխել: Նախաձեռնությունը կշարունակի ակցիաները։ Ապրիլի 9-ին կայանալիք հանրահավաքին էլ Սերժ Սարգսյանին խոստանում են նոր անակնկալներ։