Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. «Իմ քայլը» արշավի մասնակիցները շարժվում են Ազատության հրապարակ (տեսանյութ)

Քաղաքականություն
Regionգգ-gCapture

«ԻմՔայլը» նախաձեռնության անդամները ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ րոպեներ առաջ մտան Երևան: «Մենք անցանք 200 կմ՝ 306 000 քայլով: Կեցցենք մենք, ժողովուրդը»,- բացականչեց  Փաշինյանը: Քաղաքացիների համար, ովքեր պատրաստվում են միանալ իրենց, Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց երթուղին, որով անցնելու են առաջիկա րոպեներին՝ Թբիլիսյան խճուղի-Ազատության պողոտա-Մոնումենտ-Երևանի կենտրոն: Երևան մտնելուն պես քայլարշավի մասնակիցները գոչեցին՝ «Քայլ արա, մերժիր Սերժին, քայլ արա, մերժիր Սերժին»: Պարոն Փաշինյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ Էդմոն Մարուքյանն ու իր թիմը միանալո՞ւ են նրանց. «Էսօր իմ ելույթում կխոսեմ այդ մասին»: Նա նշեց, որ 14 օր է, ինչ իր տանը չի եղել, չի էլ պատրաստվում գնալ՝ մինչև որևէ հանգուցալուծում չլինի: Քայլելիս հնարավոր են չնախատեսված ակցիաներ: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Նիկոլ Փաշինյանը: «Հնարավոր է փակվեն փողոցներ, շրջափակվեն շենքեր: Ամեն ինչ հնարավոր է, կախված է քաղաքացիների ակտիվությունից»,- հստակեցրեց նա: «Ես իմ ելույթում կանդրադառնամ, թե ինչի ա բերել Հայաստանին պետական շահը: Սերժ Սարգսյանի պետական շահը փեսայի դոշից մեդալներ կախե՞լն ա, թե՞ սեփական եղբորը Հայաստանի հանքարդյունաբերության ստվերային կառավարիչ նշանակելը, թե՞ էն մյուս եղբորը Մատենադարան նվիրելը: Թե՞ Հայաստանի թիվ 1 առանձնատունը սեփական ընտանիքի սեփականությունը դարձնելը: Թե՞ 80-ականների զենքով կռվելը: Թե՞ 800 հեկտար տարածք զիջելը»,-թվարկում է  Փաշինյանը: «Ա1+»-ի լրագրողը «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ ինչպես է իրենց ֆիզիկական վիճակն այդքան երկար քայլելուց հետո: «Մեր ֆիզիկական և հոգեբանական վիճակը արտակարգ է: Հոգնածությունը 1 քնով կարելի է հաղթահարել»,- պատասխանեց նա: Պարոն Միրզոյանը ԱԺ-ում իրականացրած վերջին ակցիան հաջողված է համարում՝ դատելով սոցիալական շերտերում առաջացած ալիքից: Համամիտ չէ Էդուարդ Շարմազանովի բնորոշմանը, թե շոուն չստացվեց: «Շոու չէր, քաղաքական ակցիա էր, որն ստացվեց»,- ասաց նա: Արարատ Միրզոյանը մեկնաբանեց նաև իրենց գործընկերների՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների դժգոհությունը, թե իրենք ակցիայից տեղյակ չեն եղել. «Ես չեմ հասկանում տրամաբանությունը: Բայց ինչո՞ւ պիտի տեղյակ լինեին: Սա «Ելքի» ֆորմատով չի արվել: Սա «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությունն է»: