Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուզում են Ջերմուկն էլ չլինի, ջուր ներկրե՞նք». ակցիա բնապահպանության նախարարության դիմաց

Տնտեսություն
Bnapahpanutyun

«Հայկական բնապահպանական ճակատ»-ն ահազանգում է՝ բնապահպանության ոլորտում 20 տարի է ձախողված քաղաքականություն է տարվում։ Երկրում այս օրերին տեղի ունեցող ցույցերի շրջանակներում նրանք այսօր Բնապահպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում՝ բարձրաձայնելով էկոլոգիական խնդիրների մասին։  «Ամբողջովին ձախողված քաղաքականություն, որն ունի լրջագույն փոփոխության կարիք։ Իսկ լրջագույն փոփոխություն այսօրվա դրությամբ հնարավոր է միայն կառավարման վարչակազմի և որոշումներ կայացնողների փոփոխության արդյունքում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ նրանք ունակ չեն բնության շահերը հաշվի առնող մոտեցումներ ցուցաբերելու և լրջագույն որոշումներ իրականացնելու»,- նշեց «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն անդամ Լևոն Գալստյանը։ Ըստ նրա՝ Կառավարությունը լռում է հանքերի խայտառակ շահագործման և նրանց քանակի ավելացման մասին և պատասխանատվություն չի ստանձնում ստեղծված իրավիճակի համար։ «Ոնց եղավ, որ 3 տարի հետո, երբ իրենք խոստանում էին ոսկե սարեր բոլորին, հանկարծ Թեղուտի հանքավայրը բնապահպանական կոլափսի ենթարկվեց, և ոչ մեկը պատասխանատվություն չի կրում դրա համար։ Այդ ամբողջ հարցերն այնքան են կուտակվել, որ այս մարդիկ ուղղակի պիտի հասկանան, որ ունակ չեն ճիշտ կառավարում իրականացնելու։ Այս ամբողջ գործընթացների շրջանակներում մենք էլ բարձրաձայնում ենք մեր համապատասխան խնդիրները էկոլոգիական ոլորտում։ Խոսքը ՀՀ քաղաքացու որոշում կայացնող լինելու պրոցեսի մասին է, որը սկսվել է և բերելու է իր հաղթական ավարտին»։ Լևոն Գալստյանը պնդում է՝ ժողովուրդը պետք է հասկանա, որ Հայաստանի քաղաքացին հետ է վերցնում իրեն պատկանող կառավարման լծակները։ «Խորհուրդ կտանք մեր ոստիկաններին նույնպես հասկանալ, որ ՀՀԿ-ն հավերժ չէ և օրերից մի օր նրանք հեռանալու են։ Իրենք մնալու են դեմ առ դեմ իրենց ժողովրդի հետ և պետք է ունենան այն էթիկական բազան, որպեսզի անկեղծ կարողանան նայել ժողովրդի աչքերին։ Իրավապաշտպան, բնապահպան Սոֆյա Մանուկյանն անթույլատրելի է համարում կիսագրագետ մարդկանց իշխանությունը։ «Խոսքը գնում է մի խմբի մասին, որը զավթել է իշխանությունն ու ավիրում է բնությունը, մեր ներկան ու ապագան ու սա անթույլատրելի է։ Փաստացի խնդիր ունենք ջրերի, բայց կառավարման բացթողումների արդյունքում փոքր հէկ-երը չեն քչանում։ Դրան էլ զուգահեռ՝ այն սարերը, որից կարևոր գետերը հոսում են ջրամբարներ, ջրամբարներից էլ Սևան, դա էլ ավիրում են, այսինքն՝ կառավարման տոտալ ձախողում է։ Այն, ինչ կարելի էր անել կանխելու համար, դա էլ չի արվում։ Դեռ մի բան էլ ուզում են Ամուլսար շահագործել, որ ջրային պաշարներն ավելի վատ վիճակում հայտնվեն։ Այսինքն՝ ի վերջո ուզում են Ջերմուկն էլ չլինի՞, ջուր ներկրենք, վաճառենք»,- ասաց Սոֆյա Մանուկյանը։ Հիշեցնենք, որ մինչ այս էլ բնապահպանները բազմիցս ահազանգել են հանքերի շահագործման վնասների մասին։ Բնապահպանների  բողոքների և մտահոգությունների պատճառ դարձած Ամուլսարի հանքի շահագործումն էլ նախատեսվում է սկսել 2018 թվականի կեսերին՝ նախնական 10 տարիների համար։