Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿՈՆ ՎՃՌԱԿԱՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

Մշակույթ

Այս գիշեր երգիչ Հայկոն, որն այս տարի «Եվրոտեսիլ - 2007» երգի մրցույթին կներկայացնի Հայաստանը, իր պրոդյուսերի՝ Արթուր Ջանիբեկյանի եւ խմբի մյուս անդամների հետ մեկնել է Մոսկվա, որտեղից էլ մայիսի 5-ին կմեկնի Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկի: Հայկոն մայիսի 10-ին կայանալիք «Եվրոտեսիլի» կիսաեզրափակչին չի մասկանկցելու՝ շնորհիվ նախորդ տարվա մեր ներկայացուցչ՝ Անդրեի հաջող ելույթի, այլ միանգամից կմասնակցի բուն համերգին:

Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Հանրային հեռուստատեսության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանը, երգիչ Հայկոն վճռականորեն է տրամադրված եւ նրան միայն մտահոգում է այն, ինչ կատարվելու է բեմի վրա: Ճիշտ է, ամեն օր կլինի երկու փորձ, սակայն, միեւնույն է, անհանգստությունը մեծ է: «Հայկոյին ի սկզբանե հուզում էր, թե ինչպիսի ներկայուցում է լինելու, քանի որ շատ վտանգավոր բաներ են տեղի ունենալու բեմի վրա: Դրա համար մեզ՝ անձամբ ինձ շատ երկար ժամանակ հարկավոր եղավ բանակցել, որ թույլատրեն բեմին ինչ-որ բաներ անել: Դա արվում էր հենց երգչի անվտանգության համար: Կարեւորն այն է, որ Մուրզիկը, երգիչներ Տիգրան Պետրոսյանը եւ Գոգան, որոնք Հայկոյի հետ բեմին կանգնած են լինելու եւ զուգերգելու են նրա հետ, ողջ ու առողջ մնան բեմադրությունից հետո: Իհարկե, չեմ ասի, թե ինչ է լինելու բեմին, սակայն կասկադյորական տրյուկներ չեն լինելու»,- վստահեցնում է Դիանա Մնացականյանը:

Իսկ բեմադրության պատասխանատուն լինելու է ռուս հայտնի ռեժիսոր Անդրեյ Սիչովը: Ի դեպ, նրա ընտրության որոշումը, ինչպես նշեց Դիանա Մնացականյանը, կայացրել է ոչ թե Հանրային հեռուստաընկերությունը, այլ Հայկոյի պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը:

Ինչ վերաբերում է Հայկոյին խրախուսող խմբին, ապա այնտեղ կլինեն երգիչներ Արման Հովհաննիսյանը, Արսեն Սաֆարյանը, Էմմի Բեջանյանը: Հայկոյի հարազատներից Հելսինկի կմեկնեն միայն նրա եղբայրը՝ կնոջ հետ: «Եթե նախորդ անգամ համոզված էինք, որ հաղթելու ենք, ապա այս անգամ հաստատ համոզված ենք, որ լավ ելույթ ենք ունենալու»,- համոզված է Դիանա Մնացականյանը: Այս տարի Հայաստանից քվեարկության արդյունքները կհրապարակի երգչուհի Սիրուշոն:

Ի դեպ, Դիանա Մնացականյանը նշեց, որ այս տարի իրենց մտահոգող մի հանգամանք կա՝ մայիսի 12-ի ԱԺ ընտրությունները, քանի որ անկանխատեսելի է, թե երբ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհարապարակի իր նախնական արդյունքերը: Դիանա Մնացականյանը չի բացառում, որ դա նույնիսկ համընկնի Հայկոյի ելույթի հետ: «Սակայն, ի մեծ ուրախություն մեզ, վիճակահանության ժամանակ, երբ որոշվում էր երգիչների հերթականությունը, մեզ ընկավ «ջոկեր», այսինքն՝ մենք էինք որոշելու, թե որ համարի տակ պետք է ելույթ ունենա Հայկոն: Ես ընտրեցի նախավերջինը եւ ԿԸՀ-ն միգուցե կհասցնի իր արդյունքները հրապարակել: Բայց, ամեն դեպքում, հույս ունենք, որ Հայկոյի ելույթը կտեսնենք: Ամենացավալի վիճակում մյուս մասնակիցներն են լինելու, որոնց համար պետք է Հայաստանը քվեարկի, որովհետ— ԿԸՀ նախնական արդյունքների պատճառով նրանց ելույթներն ամբողջովին հայ հանդիսատեսը չի հասցնի տեսնել: Այդ պատճառով բոլոր երգիչ-երգչուհիների տեսահոլովակներն արդեն ցույց ենք տալիս հեռուստատեսությամբ, որ բոլորի համար հավասար պայմաններ ստեղծվեն»,- նշում է Դիանա Մնացականյանը:

Իսկ եթե «Եվրոտեսիլ-2007»-ը ԿԸՀ-ի նախնական արդյունքների հրապարակաման պատճառով ամբողջովին հնարավոր չլինի հեռարձակել, ապա, Դիանա Մնացականյանի վստահեցմամբ, հետագայում հնարավոր կլինի ամբողջովին ցույց տալ «Նոր ալիք»-ով: