Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՐՈՏԵՍԻԼՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԲՈՐԲՈՔՎՈՒՄ ԵՆ

Մշակույթ

Թեժ մրցակցություն է սպասվում այսօր երեկոյան Հելսինկիում` «Եվրոտեսիլ» հեղինակավոր մրցույթի կիսաեզրափակիչում: Եզրափակչի մասնակցության 10 տեղի համար կպայքարեն 28 երկրների մասնակիցները, որոնց մեջ ակնհայտ ֆավորիտներ կան: Միջազգային բուքմեյքերների գնահատմամբ Կիպրոսը, Բոլոռուսը ոչ միայն եզրափակիչ կանցնեն, այլեւ եզրափակչում հաղթելու հավակնություններ ունեն:

Ըստ միջազգային բուքմեյքերների եզրափակիչ անցնելու հնարավորություններ չունի մրցույթին առաջին անգամ մասնակցող Վրաստանը: Այս երկիրը ներկայացնող երգչուհու` Սափոյի հաղթանակը գնահատվում է 50 միավորի գործակցով: Կիսաեզրափակչում մրցում են նաեւ Թուրքիայի, Իսրայելի, Հոլանդիայի, Պորտուգալիայի ներկայացուցիչները:

Եվրոպական հեռարձակողների միության անդամակցող 42 երկրներում ուղիղ եթերում ցուցադրվելու է մրցույթը, եւ արդյունքների առումով անակնկալներ չեն սպասվում:

Հետաքրքրական է, որ այս տարի Ուկրաինան ներկայացնում է Վերկա-Սերդյուչկան, ում` մրցույթի մասնակցության համար մի քանի տարի անընդմեջ վիճաբանություններ էին լինում: Հավանական էր համարվում, որ նա ներկայացներ Ռուսաստանը:

Իսկ ահա Ռուսաստանը ներկայացնող «Սերեբրո» խումբի հաղթելու հավանականությունը բավականին բարձր է, գնահատվել է 9 գործակցով:

Նշենք, որ Հայաստանը ներկայացնող Հայկոյի հաղթելու հավանականության գործակից ըստ միջազգային բուքմեյքերների 50 է: Նույնքան գործակից ունեն նաեւ Վրաստանը, Ֆրանսիան, Նորվեգիան, Բոսնիան եւ Հերցոգովինան, Մակեդոնիան, Մալթան: Հայկոն միանգամից մասնակցելուէ մայիսի 12-ին կայանալիք եզրափակիչ փուլին` նախորդ տարի Հայաստանը ներկայացրած Անդրեի հաջող ելույթի շնորհիվ: