ՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԿՈՅԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ կեսգիշերին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2007»-ի կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 28 երկրներ: Նրանցից 10-ը եզրափակչին մասնակցելու հնարավորություն ստացան:
Այս տարի «Եվրատեսիլին» առաջին անգամ մասնակցում էին Չեխիայի հանրապետությունը, Սերբիան եւ Մոնտենեգրոն որպես առանձին պետություններ եւ Վրաստանը: Վերջինս ներկայացնում էր հայտնի երգչուհի Սոֆիկոն, որը եվրոպական տարրերով ազգային երգ երգեց եւ անցավ եզրափակիչ: Նշենք, որ միջազգային բուքմեյքերները Վրաստանի հաղթելու հնարավորությունը շատ ցածր են գնահատում, փոխարենը` նրանք բարձր են գնահատում Բելառուսի հաղթելու հնարավորությունը, որն այս տարի ներկայացնում է «Ֆաբրիկա զվյոզդ-6» նախագծի հաղթող Կոլդունը, ով նույնպես եզրափակչին մասնակցելու հնարավորություն ստացավ:
Բուքմեյքերները նաեւ բարձր են գնահատում Սերբիայի եւ Բուլղարիայի հաղթելու հնարավորությունները, որոնք նույնպես անցան եզրափակիչ: Եզրափակչին մասնակցելու հնարավորթյուն ստացան նաեւ Մակեդոնիան, Սլովենիան, Հունգարիան, Լատվիան, Թուրքիան եւ Մոլդովան:
Հետաքրքիր է, որ այս տարի, ինչպես նախորդ անգամ, Հայաստանը եզրափակիչում հանդես կգա Թուրքիայի ներկայացուցչի ելույթից հետո: Չնայած բուքմեյքերներն ամենից բարձր գնահատել էին Շվեյցարիայի հաղթելու հնարավորությունը, որը ներկայացնում էր DJ BOBO-ն «Վամպիրները դեռ կենդանի են» երգով, Շվեյցարիան նույնիսկ եզրափակչին մասնակցելու հնարավորություն չստացավ:
Հայաստանը ներկայացնող Հայկոյի «Anytime you need» երգը վերաձայնագրվել է Մոսկվայի ստուդիաներից մեկում, երգի բեմադրման վրա աշխատել է ռուս ռեժիսոր Անդրեյ Սիչովը: Նշենք, որ «Եվրատեսիլի» տեսաբանները կանխատեսել են, որ այս տարի հաղթելու է մրցույթում ներկայացվող բալլադներից մեկը: