«Բյուրեղապակյա դղյակ»-ի հայաստանյան պրեմիերան (տեսանյութ)
Շքեղ դեկորացիաներ, բեմում համաշխարհային աստղեր, նրբաճաշակ երաժշտություն և անգամ կուլիսներից անսպասելի հայտնված կենդանի ձի ու շներ։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երևանյան հանդիսատեսը երկու օր վայելեց կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա դղյակ» մուլտիժանրային բեմադրությունը։ Բեմադրության սցենարի հեղինակ և ռեժիսոր Եկատերինա Միրոնովայի խոսքով, երևանյան ներկայացումները կարելի է համարել պրեմիերա։ «Անցյալ տարի հատուկ պատվերով ներկայացրել ենք այն Մալթայում, որը նախապրեմիերային ցուցադրություն էր»,- ասաց նա: Սցենարի հիմքում 18-րդ դարի Ռուսական կայսրուհի Աննա Իոանովնայի պալատական բարքերն ու մարդկային կրքերն են։ Իրական մի պատմություն, թե ինչպես կայսրուհին, որ ոչինչ իր հաճույքների համար չէր խնայում, հրամայում է ծաղրածու զույգի ամուսնության հանդեսը կատարելու համար կառուցել բյուրեղապակյա դղյակ։ Զույգը սառցե պալատում անցկացնում է ամուսնական առաջին գիշերը, հետո մոռանում են նրանց մասին։ «Սա այն դեպքն է, երբ պատմությունը իրականում ավելի բարեհաջող ավարտ է ունենում, քան ներկայացման մեջ,-ասում է խորեոգրաֆ Ալեքսանդր Սոմովը։ Ներկայացմանը մասնակցում էին Երևանի պարարվեստի քոլեջի սաները և Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը: Ռուս արտիստներին հիացրել էին հայ երեխաները, որոնք, նրանց խոսքով` զարմանալի դաստիարակված են ու տաղանդավոր։ Հիացմունքի խոսքեր հնչեցին նաև նվագախմբի երաժիշտների պրոֆեսիոնալիզմի և օպերայի բեմական հնարավորությունների մասին։ Բեմադրիչների խոսքով, նման շքեղ բեմադրությունը թանկ հաճույք է և երևանյան հյուրախաղերը կայացան Մալթայի մեր հայրենակից գործարարի հովանավորության շնորհիվ, նաև Կոնստանտին Օրբելյանի շնորհիվ, որի անունն իհարկե իր դերակատարումն ունեցավ։ «Բյուրեղապակյա դղյակը» առայժմ Մեծ թատրոնի խաղացանկում ընդգրկված չէ։ Թե որ բեմում այն կներկայացնեն երևանյան հյուրախաղերից հետո՝ հստակ չէ, ամենայն հավանականությամբ դա կլինի Ղազախստանը կամ Ճապոնիան։