Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զրույց»-ը կարող է դառնալ Լոռվա Սարդարապատը (տեսանյութ)

Մշակույթ
dsex1

Հաջորդ տարի տոնելու են Հովհաննես Թումանյանի 150-ամյակը։ Քանդակագործ Արտիկ Քոչարյանը հույս ունի, որ իր մեծ երազանքը, դեռ 1987-ից մտահղացած «Զրույց» անվանումով մոտ հինգ մետրանոց մոնումենտալ հուշարձանը իրականություն կդառնա։  «Զրույցի» հիմքում հայ ժողովրդի համար օրհասական օրերին Թումանյանի ու Անդրանիկի հանդիպումն է։ «Մեկն իր ժողովրդին պաշտպանում էր զենքով ու արիությամբ, մյուսը՝ խոսքի ուժով ու գրչով»,- ասում է քանդակագործը։ Հովհաննես Թումանյանի ու Անդրանիկի առաջին հանդիպումը 1904-ին էր։ «Առաջին տեսակցությամբ մտերիմներ ու բարեկամներ էինք,- կգրի Անդրանիկը։-Մեկ նայվածքը բավ էր հասկանալու և ճանաչելու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը։ Մագնիսական ուժ մը քաշած, կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու ու հարգելու»։ «Այնպիսի մարդիկ, ինչպիսին Անդրանիկն է ժողովրդի մեջ վստահություն և ուժ են ներշնչում, այդպիսի պաշտպաններ պետք են ամեն մի ժողովրդի»,-գրում էր Թումանյանը։ Տեղը պատահական չի ընտրված։ Թումանյանն ու Անդրանիկը շատ անգամ են հանդիպել, խոսել ժողովրդի ու հայրենիքի ճակատագրի մասին և հանդիպումներից մեկն էլ Դսեղում է կայացել։ Երազանքի իրականացման համար Արտիկ Քոչարյանի հաշվարկով հարկավոր է 8.500.500 դրամ, որի համար այս տարվա փետրվարին դիմել է մշակույթի նախարարություն։ «Գրավոր պատասխանել են, որ այս հարցին նախարարությունը կանդրադառնա լրացուցիչ ֆինանսական միջոցների ի հայտ գալու դեպքում»,-ասում է քանդակագործը։ Նախարարության հնարավոր հովանավորչությունից հետո, վստահ է, որ մնացած անհրաժեշտ աջակցությունը հնարավոր կլինի ձեռք բերել մասնավոր հանգանակություններից, կօգնեն նաև ընկերները։ Ավելի քան չորս տարվա աշխատանքի արդյունքում ինքը հեղինակը ծախսել է 2.000.000 դրամ։ «Այս հուշարձանն էլ մեր լոռվա Սարդարապատը կլինի», -ասում են  Արտիկ Քոչարյանի մարտական ընկերները։ -Բանակ գնացողները կգան, օրհնություն կստանան, նորապսակները՝ սիրով ապրելու խորհուրդ, դպրոցականներն էլ կճանաչեն իրենց ազգի մեծերին»։