Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ

Մարզեր

Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ, Ծակքար, Ձորագյուղ, Ծովասար, Ներքին Գետաշեն գյուղերում եւ Մարտունի քաղաքում արտակարգ իրավիճակ է: Տեղատարափ անձրեւի եւ ձնհալի հետեւանքով ափերից ելած գետերը հեղեղել են աշնանացան հացահատիկի, կարտոֆիլի ցանքերը, փլուզել ափամերձ հողատարածքները, գետին տապալել էլեկտրասյուններ, վնասել կոյուղագծերը, քշել-տարել անասուններ:

Ջուրը լցվել է նկուղներն ու բնակելի տները: Մասնավորապես` Մարտունի գետը դուրս է եկել հունից եւ քանդել Գեղհովիտ գյուղի բնակիչ Վ. Բոզոյանին պատկանող տան մի մասը` մոտ 40 քմ մակերեսով: Տան բնակիչներին խեղդվելուց փրկել են համագյուղացիները: Մարտունի քաղաքում ջուրը լցվել է շուրջ 30 տուն եւ բազմաբնակարան 5 շենքի նկուղներ, ջրածածկել 100 հեկտար հացահատիկի եւ կարտոֆիլի ցանքատարածություններ: Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի թաղամասի բնակելի շենքերի նկուղային հարկերը լցվել են ջրով` շենքերի փլուզման պոտենցիալ վտանգ ստեղծելով; Ջրի մակարդակը բարձրանում է հտկապես երեկոյան ժամերին: Տագնապահար մարդիկ ստիպված գիշերը հերթապահում են:

Փրկարար ծառայությունը ձեռնարկել է միջոցառումներ` գետին` հունով ընթացք տալու եւ նկուղներից ջուրը հանելու ուղղությամբ / ջրահեռացում, գետափերին քարեր լցնելով ամրացում/: Սակայն նրանց ջանքերն ապարդյուն են` բնության տարերքի դեմ:

Չնայած կրած վնասներին` բնակչությունը խուճապի չի մատնվում: Վնասի չափերը ճշտվում են:

«Զանգակ» հ/ը