ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի տեղաշարժին հետևելու պարտավորվածություն չունի (տեսանյութ)
Մարտի 1-ի գործով կան նոր փաստաթղթեր, սակայն ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի շտապում մանրամասներ ներկայացնել. «Այո, նոր փաստաթղթեր կան, բայց դրանք չեմ կարող հրապարակել»,- ասում է նա: Իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջարկը՝ վերացնելու Մարտի 1-ի գործի նախաքննական գաղտնիքը, ՀՔԾ պետն անհիմն է համարում. «Նման ընթացակարգ չկա։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե ամբողջ նախաքննության գաղտնիքը բացահայտվի։ Չէ՞ որ կան մարդիկ, որ համագործակցում են նախաքննական մարմնի հետ, օպերատիվ տվյալներ են տալիս»: Սասուն Խաչատրյանը հավաստիացրեց՝ հանրությունը գործի բոլոր նյութերին ծանոթանալու հնարավորություն կունենա դատաքննության փուլում, այն էլ միայն այն դեպքում, եթե նիստը դռնփակ անցկացնելու մասին հատուկ որոշում չկայացվի։ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե ինքը չէր կարող իր սահմանադրական կարգը տապալել, Սասուն Խաչատրյանն այսպես արձագանքեց: «Գիտե՞ք ինչ։ Ռոբերտ Քոչարյանը իրեն նույնացնում է պետության հետ, սահմանադրական կարգի հետ այս դեպքում, որը, կարծում եմ՝ ճիշտ չէ»: Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ գործը միացվել է մարտի 1-ին 10 քաղաքացու սպանությունների փաստերով հարուցված քրեական գործին, այն մեկ միասնական վարույթում է։ «Ամեն ինչ արվում է և արվելու է, և ես լիահույս եմ, որ այս գործն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է»,- հավաստիացնում է Սասուն Խաչատրյանը: ՀՔԾ պետը նաև հայտնեց, որ մարտի 1-ի գործով հարցաքննվելու են բոլոր այն անձինք, ովքեր ինչ-որ առնչություն են ունեցել գործին։ Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի` ընտանիքով Հայաստանից հեռանալու ու Հռոմ մեկնելու մասին լուրերին, Խաչատրյանը նշեց «Այն անձանց մասով, ովքեր այս պահին քրգործով որևէ կարգավիճակ չունեն, ՀՔԾ-ն նրանց տեղաշարժին հետևելու պարտավորվածություն չունի»։